18.03.2013

Բարձրախոսին բարձրախոս տվե´ք, նա մեզ այնքա՜ն ասելու բան ունի


Անջատե´ք բոլոր բարձրախոսներն աշխարհի, անջատե´ք, լռեցրեք այս աղմուկը, կտրեք այդ մեծամիտների ձայնը, անջատեեեեեք...ու լռության մեջ կտեսնեք, թե  քանի՞ միտք տեղ կհասնի, քանի՞ բա..ռ ծնունդ կառնի ձեր ճարտար լեզվի վրա ու կյանք կստանա դուրս գալով ձեր բերանից...շատ քիչ, որովհետև մենք չենք սիրում ցածր խոսել, մենք սիրում ենք գոռալ մեր մտքերը, բարձր, որքան հնարավոր է բարձր գոռալ, սուտ խոստումներ, կեղծիք, սուտ, սուտ...ասում են` սուտը պետք է բարձր գոռալ, որ հավատացողները շատ լինեն: Իսկ ստին կյանք տալ է օգնում բարձրախոսը, սեփական կարծիքը չունեցող ու ուրիշի մտքերը կրկնող այդ անլեզու էակը: Իսկ նա այնքա՜ն կուզեր սեփական մտքերն ունենալ, ձեր դատարկ բառերի փոխարեն սեփական բառերը մարդկանց հասցնել, լսում եք՞, ձերը չէ, իր ՍԵՓԱԿԱՆԸ...

Բարձրախոսին բարձրախոս տվեք, նա էլ է ուզում խոսել, նա մեզ այնքա՜ն ասելիք ունի...Նա հոգնել է ձեր ստերը բարձրաձայնելուց, այլևս չի կարողանում մարդկանց աչքերին նայել, ձեր տեղ նա է ամաչում: Նա չի ուզում արցունքն աչքերին թոշակառուին ստել, որ թոշակը կբարձրանա, նա այլևս չի ուզում սեփական ժողովրդին խաբել, նրանց հույսի վրա ձայներ շահել, բարձրախոսը հոգնել է, հասկացե´ք, նա չի կարող նայել երիտասարդների հավատով լի աչքերին ու ասել, որ այս անգամ ամեն ինչ լավ է լինելու, որ նոր աշխատատեղեր կստեղծվեն, որ նրանք ապահով կյանք կունենան սեփական երկրում, հայրենի հողի վրա:

02.03.2013

Թելը...


Երբևէ մտածել եք` ի՞նչն է ամենակարևորը մարգարտե վզնոցում, եթե մտածում եք մարգարիտը, սխալվում եք, ճիշտ է, այդ ճերմակ, փայլուն ու գեղեցիկ մարգարտահատիկները կարևոր են, բայց ոչ այնքան, որքան այն թելը որի վրա հավաքված են դրանք: Մի պահ պատկերացրեք թելը կտրվեց...մարգարտի հատիկները մեկը մյուսի հետևից կընկնեն հատակին, կգլորվեն, կկորեն ու էլ չկա գեղեցկություն, չկա վզնոցը...Եվ եթե անգամ փորձեք դրանք հավաքել, ձեռքերը քերծելով ու եղունգները կոտրելով հատակի փայտերի արանքներից հանել բոլոր հատիկները ու նորից վզնոցը հավաքել, միևնույն է, չեք կարողանա դա անել, չեք կարողանա նախկին շքեղ տեսքը ստանալ, չի ստացվի բոլոր հատիկները գտնել, գտածներն էլ քերծված ու փոշոտված են...

Արցունքները կաթում են ձեռքիդ մեջ հավաքված մարգարտահատիկների վրա, մաքրելով դրանք, ու հիշեցնելով այդքան թանկ նվերիդ երբեմնի ճերմակ փայլի մասին...իսկ թելը՞, ո՞ւր է թելը, մարգարտահատիկները հավաքելուց դու չհիշեցիր էլ թելի մասին, բայց չէ՞ որ ամենակարևորը հատիկները պահող թելն էր: Հիշեք կյանքում ամենակարևորը ԹԵԼՆ Է, թելը որի վրա հավաքվում են ձեր կյանքի մարգարտահատիկները, բայց ո՞վ  է հիշում դրա մասին...

26.02.2013

Շատ բարդ բաներ...

Ժամանակակից մարդը ոչ այնինչ է, քան սխալների մի մեծ գունդ, մեծ ու փոքր, հին ու նոր սխալների կծիկ, սխալներ, որոնք կապում են նրա ձեռքերն ու ոտքերը, կուրացնում աչքերն ու միտքը: Փոքր սխալերը, որոնք այսօր ոչինչ են թվում,  վաղը կդառնան ջրախեղդ լինողի վզից կախված ծանր քար...Իսկ որտե՞ղ ենք մենք սխալվում...
Մեր առաջին ու ամենամեծ սխալը սեփական անձի գերարժեվորումն է:Չգիտես ինչու,մեզ թվում է, որ անփոխարինելի ենք, միակ ու անկրկնելի, որ աշխարհն առանց մեզ չի կարող, կյանքը կանգ կառնի, մեզ սիրող մարդիկ առանց մեզ չեն ապրի:

29.12.2012

Տարեմուտին...


Տարեմուտի այս օրերը միշտ նմանեցրել եմ սպասասրահում գտնվելուն, երբ դու սպասում ես, սպասում ես քո ներս մտնելու հերթին ու երբեք չգիտես, դռան այն կողմում ինչ կամ ով է քեզ սպասում...Եվ հիմա սպասասրահում նստած վերհիշում եմ իմ անցած ամբողջ տարին, ֆիլմի ժապավենի նման աչքերիս առաջ են հայտնվում ամբողջ տարվա բոլոր ուրախ և տխուր պահերը: Գիտեք, իսկ մենք միշտ նորը խնդրելիս մոռանում ենք շնորհակալ լինել արդեն ստացածի համար...Իսկ ես շնորհակալ եմ 2012 թվականից, շնորհակալ եմ, որ ձեռքբերումներս ավելի շատ էին քան կորուստներս, շնորհակալ եմ, որ ամբողջ տարվա ընթացքում շրջապատված եմ եղել հրաշալի մարդկանցով, շնորհակալ եմ, որ իմ կյանքում հայտնվեցին մարդիկ, ումից ես սովորելու շատ բան ունեմ և սովորում եմ, շնորհակալ եմ, որ գնահատված եմ, երջանիկ եմ, որ երազանքներս մեկը մյուսի հետևից իրականում են և երբ գալիս է երազանք պահելու պահը, երկար մտածում եմ ու հասկանում, որ իրականացած երազանքներս ավելի շատ են չիրակացածներից, և դա հրաշալի է  Հրաշալի է, երբ զբաղվում ես քո սիրելի գործով ու տեսնում դրա արդյունքները: Երջանկություն է ապրել սիրելի մարդկանց կողքին, տեսնել նրանց երջանկությունը: Երջանկություն է տեսնել, որ դու հուսախաբ չես արել քո ծնողներին և նրանք հպարտանում են քեզնով: Տխուր օրեր, հիասթափություններ նույնպես եղել են, էլ ինչ կյանք առանց դրա, բայց ձախորդ օրերը ձմռան նման կու գան ու կ'երթան...Այդ օրերից յուրաքանչյուրը իր հետ տարել է ինձնից մի մասնիկ, մարդկանց հավատալու կարողությունիցս մի կտոր...

21.12.2012

Ներիր ինձ, իմ հրեշտակ...



...Ինչո՞ւ մարդիկ չեն թռչում թռչունների պես, որովհետև նրանք թևեր չունեն՞...ո՜չ, թևերը մարդուն վեր չեն հանի: Ինչպե՞ս կարող է թռչել մի արարած, ով սովոր է սողալու, ինչպե՞ս կարող է թռչունի պես երկնքում ճախրել մի արարած, ով ընդունակ է սպանել իր նմանին,  նվաստացնել, ծաղրել, ստել,  կողոպտել, պատերազմել, ավերել, քանդել...Ոչ, մարդիկ չեն կարող թռչել, թևեր ունենալը հատուկ է միայն ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻՆ...Իսկ հրեշտակներին մարդիկ չեն նկատում...առօրյա մռայլության ու գորշության մեջ չեն նկատում նրանց լուսավոր դեմքերը, չեն նկատում ճերմակ-ճերմակ թևերը, որոնք նրանք փռում են իրենց սիրելի մարդու վրա ու պաշտպանում նրան չար հայացքներից...մարդիկ չեն նկատում հրեշտակներին, իսկ հրեշտակները չեն նեղանում դրանից, նրանք կուչ են գալիս մարդկանց անտարբերությունից ու խնամքով թաքցնում թևերը, թևերը, որոնց վրա մարդիկ կանգնում են իրենց կեղտոտ ոտքերով...իսկ նրանք չեն նեղանում, միայն վախենում են ցավից, որ մարդիկ պատճառում են իրենց...

03.12.2012

Հենց այսպես էլ ապրում ենք Ֆեյսբուքում...


Արեւմտյան երկրներում մարդը, իր մասին պատմելու փոխարեն, տալիս է սեփական բլոգի կամ որևէ սոցիալական ցանցում իր էջի հասցեն, որտեղ ներառված են նրա քաղաքական հայացքները, անձնական մոտեցումներն այս կամ այն խնդրին: Արեւմտյան մարդուն շրջապատողներն առավել մեծ հետաքրքրությամբ կարդում են իրենց ընկերոջ բլոգը, քան հետեւում ամենօրյա լրատվությանը:
Այսօր արդեն վստահաբար կարելի է ասել, որ նույն միտումները նկատվում են մեզ մոտ: Մենք նույնիսկ մեր ամենամոտ ընկերների մասին ավելի շատ բան ենք իմանում սոց. ցանցերից, քան իրական շփումներից: Դժվար չէ տեսնել, որ ինտերնետի վիրտուալ աշխարհը փորձում է ապրել իր կանոնների համաձայն, չնայած դրա գործունեության ոլորտները բավական ճիշտ կրկնօրինակում են իրական աշխարհը:

10.11.2012

Խառը մտքեր...

Իսկ դուք փոքր ժամանակ խաղաքարտերով «տուն» շարե՞լ եք: Երբ շարելուց ամեն մի քարտը մեկի վրա եք դրել զգույշ, խնամքով և նույնիսկ շունչը պահած, որ հանկարծ չքանդվի, որ հնարավոր լինի էլ ավելի բարձրանալ, հնարավոր լինի հաջորդ հարկն էլ շարել...Զգույշ, միայն չփլվես, խնդրում եմ...Իսկ վեր բարձրանալու համար պետք էր համբերություն, զգուշություն, հավատ ու կամք... Իսկ կյանքո՞ւմ: Կյանքում այդ տունը կառուցել եք՞: Քարը քարին դրել ե՞ք զգույշ, համբերատար, չփլվելու հույսը սրտում:   Երազանքներով, հույսով, ապագայի պլաններով կառուցված այդ տունը խաղաքարտերի տնից շատ քիչ է տարբերվում:

08.11.2012

Բռնիր ձեռքս...

Սիրելիս, բռնիր ձեռքս, նայիր ձեռքիս ափի գծերին...
Ասում են մարդու կյանքը պատկերված է ձեռքի ափի մեջ ամեն մի գիծը  իր յուրահատուկ նշանակությունն ունի, ամեն մի գիծ իր պատմությունն ունի, իր ներկան ու իր անցյալը: Այ այս մեկը, նայիր, ասում են դա երազանքի գիծն է, տես ինչ երկար է`ամբողջ ափով մեկ ձգվում է, որովհետև երազանքներս շա՜տ են, անթիվ ու անհամար...Այս մեկը կյանքիս որոշումների գիծն է, այն այնքան էլ ուղիղ չէ, տես, այստեղ փոխել է ուղությունը, երևի տատանվել եմ, որոշել եմ ու հետ եմ կանգնել որոշումիցս...

02.10.2012

Երբ մոռանում են «սիրել»...


Սկզբում... նա չի հավատում այն ամենին, ինչը արդեն ակնհայտ է: Շարունակում է  ցույց տալ, որ ոչինչ էլ չի եղել, որ ամեն ինչ նույնն է: Նա չի հասկանում, ինչն է պատճառը, որ առավոտները չեն սկսվում  ժպիտով ու համբույրներով: Ինչո՞ւ նա էլ առաջվա պես չի նայում իր աչքերի մեջ ու ասում «կարոտել էի...»: Նայում է իրեն, բայց ասես պատ է տեսնում, դատարկ ու սառը...
Հետո... նա փորձում է արդարացումներ գտնել, գուցե՞ տրամադրություն չունի: Կյանք է, պատահում է: Եվ համբերատար սպասում է գիշերվան, որ գրկի նրան ու հանգչի նրա գրկում...բայց նա առաջին անգամ կյանքում տուն է գալիս լուսադեմին...Չի բողոքում, միշտ ձգտել է չբողոքել, բացատրություն գտնել նրա արարքներին, հասկանալ անհասկանալին, ներել աններելին: Եվ այդպես օրեր շարունակ, սպասում, հուսահատություն, անքուն գիշերներ, որ հանկարծ բաց չթողնի իր համար այդքան հարազատ մարդու գալը...Եվ նրան տեսնելուն պես աշխարհը նրան էին տալիս, ուրախանում էր փոքրիկ երեխայի պես ու ...ներում...չէ որ ինքը: Երևի նա էլ է հոգնել իր անուղղելի բարությունից, անտանելի անմեղությունից...

13.09.2012

Կգա մի օր, երբ...

Կգա մի օր, երբ մեր քաղաքներն այնքան լուսավորված կլինեն, որ մենք չենք կարողանա երկնքում աստղեր նկատել...կնայենք վերև, երկար կնայենք, բայց անգամ ամենամեծ աստղերը չենք տեսնի, արհեստական լույսերից ու համակարգչի էկրանից կուրացած մեր աչքերը այլևս աստղեր չեն տեսնում, չեն տեսնում կյանքի իսկական գեղեցկությունը...

Կգա մի օր, երբ մենք էլ գրքեր չենք կարդա, որովհետև մենք նախընտրում ենք Ֆեյսբուքում ստատուս գրել ու քոմենթ կարդալ...այդ ժամանակ երևի կփակվեն բոլոր տպագրատները...բայց իհարկե չեն դադարի ծառահատումները, որովհետև մենք վայրենացել ենք ու չենք կարող առանց ավերելու, առանց վերացնելու, առանց վնաս տալու...Իհարկե կմնան մարդիկ, ովքեր դեռ կշարունակեն կարդալ, բայց նրանց էլ կծաղրեն, մատնացույց կանեն, այս ո՞ր դարն է, գիրք կարդալ, հա-հա-հա, հետամնացներ... 

17.08.2012

«Դժվար ապրուստի» Մերիի «մահը» և զոմբիացած հայ հասարակությունը


 21-րդ  դարում, երբ  կյանքը  հագեցած  է  կոմունիկացիայի ամենատարբեր  միջոցներով, երբ հարկավոր  է  հեռախոսի  վրա  ընդամենը  մի քանի  թիվ  հավաքել,  և  այն  մարդը,  ում  մենք  կարոտում  ենք, մեզ  հետ  կլինի, երբ ինտեռնետը  և  օրեցօր  ավելացող  սոցիալական  ցանցերը  «սպանել են»  հեռավորություն  և  տարածություն  հասկացությունները,  երբ  թերթերը  քամու  արագությամբ  մեզ  են  հասցնում  ամբողջ  աշխարհում  տեղի  ունեցող իրադարձությունները,  երբ  ոչ  մի  վայրկյան  չի  լռում  հեռուստացույցը, երբ փողոցները  լի  են  մարդկանցով, երբ  օտար  լեզուներ  սովորելը  իրենից  այլևս  ոչ  մի  դժվարություն  չի  ներկայացնում, թվում է, թե ստեղծված են բոլոր պայմանները, որ մարդիկ համախմբվեն, ապրեն իրար հոգսերով, հոգ տանեն իրենց մերձավորների մասին, ուշադիր լինեն իրենց շուրջը կատարվող իրադարձություններին, տեղեկացված լինեն, ակտիվ, ուշադիր...բայց արի ու տես, որ մարդկանց համակել է 21-րդ դարի ամենամեծ չարիքը` անտարբերություն, անպատասխանատվություն...

10.08.2012

Կայքերի մատուցած ինֆորմացիան ընդդեմ ընթերցողների ճաշակի

Վերջերս  բավական հաճախ է արծարծվում կայքերում մատուցվող ինֆորմացիայի և դրան  ընթերցողների բացասական վերաբերմունքի հարցը: Ընթերցողները բողոքում են անորակ ու  ոչինչ չասող հոդվածներից: Բողոքում են գրառումներում էրոտիկայի  չափից դուրս շատ լինելուց: Չեն հավանում վերնագրերը, փնովում են լրագրողներին, խմբագիրներին, կայքերի հեղինակներին ու բոլոր նրանց, ում հնարավոր է: Բայց երբեք այդ ամենի մեջ չեն տեսնում իրենց մեղքի բաժինը, ինչը կարծում եմ ամենակարևորն է: Ստեղծված իրավիճակում ընթերցողների մեղքի չափաբաժինը ամենևին էլ փոքր չէ:  Ինքս ուզում եմ այս թեմային օբյեկտիվ անդրադարձ կատարել` իրավիճակին նայելով և´ որպես ընթերցող, և´ որպես բլոգեր-հեղինակ:
Վերջին տարիներին Հայաստանում խոսքի ազատությունը շատ լուրջ արժեք է դարձել: Մենք կարող ենք հպարտանալ, որ ունենք իրոք ազատ և անկախ մամուլ: Դրա մեջ իհարկե փոքր չէ տեղեկատվական տեխնոլոգիաների առաջընթացի դերը:  Բացվեցին մի շարք էլեկտրոնային լրատվական կայքեր, բլոգներ, ֆորումներ, որոնք կարելի է ասել ինչ-որ չափով դուրս են  վերահսկողությունից, այստեղ լրագրողները ազատ են, ազատ են իրենց մտքերը արտահայտելիս, ազատ են գրառումների թեմաներն ընտրելիս, չկա պարտադրանք, չկա  հսկողություն ու գրաքննություն:

07.07.2012

Սիրենք զմիմեանս ինտերնետում


Ինչպես տեսնում եք կրկին անդրադառնում եմ մեր օրերի ամենացավալի թեմաներից մեկին` ՍԵՐ ինտերնետում կամ ինչպես ընդունված է այն կոչել «վիրտուալ սիրուն: Իհարկե հեծանիվ հայտնագործած չեմ լինի, եթե սկսեմ երկար ու բարակ խոսել, թե ինչ նշանակություն ունի ինտերնետը մեր կյանքում, որ մենք այլևս չենք պատկերացնում մեր կյանքը առանց ինտերնետի: Ինտերնետը արդեն վաղուց գրավել է մեր սիրտը, միտքն ու հոգին, տիրացել է մեր ազատ և ոչ այնքան ազատ ժամանակին: Այն փոխել է մեր մտածելակերպը և աշխարհայացքը, «հարստացրել» մեր բառապաշարը: Հիմա մենք առավոտից երեկո լայքում ու լայքվում ենք, քոմմենթում ու քոմմենթվում: Չենք էլ պատկերացնում, թե ինչպե՞ս էինք գրելու մեր ռեֆերատները, կուրսայիններն ու դիպլոմայինները առանց այդ հրաշք հանրագիտարանի և ուսուցչի….Ի˜նչ երջանիկ ենք մենք մեր ինտերնետի հետ: Իսկ այս ամենից հետո ամենևին էլ զարմանալի չէ, և նույնիսկ օրինաչափ է, որ ինտերնետը ներխուժել է նաև մարդկային հարաբերությունների այնպիսի ոլորտ, ինչպիսին է սերը և համակրանքը: Ինտերնետը մեզ է առաջարկում ծանոթությունների  հազարավոր կայքեր, որտեղ գրանցվելով մենք կգտնենք մեր կյանքի երկրորդ կեսերին, կգտնենք ՍԵՐ:

02.07.2012

«Կարմիր գրիչի» սինդրոմը հայկական ինտեռնետում

Վերջերս հայերի մեջ շատ է շատացել բազմակարծությունը և խորացել է պառակտությունը: Կարծես մարդկանց պարզապես մի թեթև թեմա, մի աննշան կայծ է պետք, որ բաժանվեն բանակների ու իրար քարկոծեն: Ու չգիտես ինչու,  բոլոր վեճերն էլ վերջում բերում հանգեցնում են հայրենասիրությանը և ազգային արժեքներին: Բազմակարծության և պառակտության հետ մեկտեղ  մի տարօրինակ սինդրոմ է նկատվում`քննարկվելիք բուն թեմայից շեղվել և անհասկանալի, շատ դեպքերում էլ նույն փակուղին տանող ուղղությամբ ընթանալ:

26.06.2012

Լուռ մենակություն...

-Տխու՞ր ես:
-Մենակ եմ...
-Արցունքնե՞ր:
-Մենակություն....
-Մենակությու՞ն....
-Մենակություն...Երբ թվում է` մենակ չես, մենակ են մտքերդ...երազանքներդ...Հոգիդ  դատարկ  է, ուրախությունդ ծիծաղելի, տխրությունդ` հարազատ, երազներդ ոչնչի մասին, ճանապարհներդ միակողմանի, կամուրջները վառված...«Ամեն ինչ հասկացողների» կողքին դու էլի մենակ ես, թվում է հասկանում են բոլորին, բայց ոչ քեզ...Դու ինքդ էլ քեզ չես հասկանում:

05.06.2012

Եվ միայն երբ կորցնում ենք...

Ասում են, երբ շատ ես սիրում, դա դադարում են նկատել...
Ասում են, երբ շատ ես ներում, դա էլ չեն գնահատում...
Ասում են միայն կորցնելուց հետո են հասկանում, որ թանկ էիր, կորցնելուց հետո են հասկանում, որ սիրում են ու կորցնելուց հետո են գնահատում...
Բոլորն էլ կյանքում միայն մարդուն կորցնելուց հետո են հասկանում, թե  ինչ թանկ էր/է  նա իրենց համար: Եվ ամենաահավորը, երբ էլ ոչ մի հնարավորություն չկա այդ մարդուն հետ բերել, նորից տեսնել նրան: Դու շրջվում ես, գոռում, բայց նա անցյալում է մնացել, նա չկա քո ներկայում ու քո ձայնը մոլորվում է անցյալը ներկային միացնող ճանապարհների խաչմերուկներում....ու այդպես էլ չի հասնում նրան...

22.05.2012

Բարև...ես եմ...


Բարև…ես  եմ…Ինչքան  երկար  ժամանակ  է  որոշում  եմ  քեզ  նամակ  գրել,  բայց  ամեն  անգամ  մի  բան  ինձ  կանգնեցնում է, երևի  անհամարձակ  եմ: Գուցե  վախենում  եմ, որ  չես  հասկանա  բառերս,  չես  հասկանա  մտքերս, որովհետև  ես  ինքս  էլ  հաճախ  ինձ  չեմ  հասկանում…Ես  չեմ  կարող  քեզ  բացատրել, թե  ինչպես  եմ  ապրում, ուզում  եմ…ուզում  եմ  գտնել  հազարավոր  բառեր, կարևոր  և  ոչ  այնքան, հասկանալի  ու անհասկանալի , բայց  չեմ  գտնում  ոչ  մի  բառ...Չեմ  կարող  բացատրել, թե  ինչո՞ւ  գիշերները  չեմ  կարողանում  քնել, ինչո՞ւ  եմ   նույն  երգը  տաս  անգամից  ավել  լսում` անգիր անելով  ամեն  մի  բառը  ու  հնչյունը…երբեմն  ինչքա՜ն  դժվար  է   ասել  այն,  ինչ  կա  սրտումդ, բառերը  պտտվում  են  գլխումդ,  դրանք  լեզվիդ  ծայրին  են, դասվորում ես  միտքդ, մի  բառը  փոխարինում  մյուսով`սխալ  չհասկացվելու  համար…բայց  էլի  չես  համարձակվում…

17.05.2012

Դերենիկ Դեմիրճյան «Հայը»



Այս շաբաթվա ծոմակախառը, միասեռականների ու «ֆաշիստների», ազգայնականների ու ժամանակակիցների պատերազմական իրադարձությունների հետ կապված հիշեցի Դերենիկ Դեմիրճյանի  «Հայը» ստեղծագործությունը, որը շատ տեղին է հիմա կարդալ....և մի փորձեք ամեն մեկդ ըստ ձեր հասկացածի ու չհասկացածի վերլուծել հային, ՀԱՅԸ  ԵՐԵՎՈՒՅԹ է... տարօրինակ, հանելուկային, և որքա՜ն խաբուսիկ երևույթ......
Ահա աշխատանքը ամբողջությամբ`
Դուք արդյոք ինչ-որ բան հասկանում ե՞ք հայից: Որքա՜ն տարօրինակ, հանելուկային արարած է հայը, և որքա՜ն խաբուսիկ երևույթ: Ի՞նչ է ինքը, իր նկարագիրը. զուր աշխատանք: Փորձում, գտնում ես նրա ինքնությունը, պարզվում է, որ դա էլ երևույթ է: Իր ցեղային պատկերն էլ տարօրինակ է. թվով ամենափոքրը` տառապանքով ամենամեծը, ժամանակով ամենահինը` վիճակով ամենից անփոփոխը, անփոփոխը, անփոփոխը… Ամենից աննպաստը իր երկրի դիրքն էր, ամենից համառ ու ամուր կառչեց իր երկրից:

30.04.2012

Լայքել անլայքելին


-Բա իմացա՞րնկարներս  լայքել էր
-Ստատուսդ  լայքեցի, շատ  լավն էր
-Որ  խնդրեմնկարս  կլայքե՞ս, մրցույթի  եմ  մասնակցում
-Մեծ լայք  ձեր  արածին, ես  ձեզ  լայքում եմ
-Բայց  քո  պոստը  ավելի  շատ  լայք ունի…ձեր  էջը  քիչ  լայք  ունի…
-Էլ  չեմ  լայքելու, թող  իմանա, որ  նեղացել  եմ…
Լայք, լայք, լայք…տարիներ  առաջ  այսպիսի  նախադասություններ  լսելիս  հնարավոր  էր  մտածեինք` դիմացինը  այլմոլորակային  է, իսկ  հիմա  այս  բառը  այնքան  հարազատ  է  դարձել  մեզ, այնքան  է  ընդգրկվել  մեր  առօրյա  բառապաշարում, որ  չենք  էլ  նկատում, թե  օրվա  մեջ  քանի  անգամ  ենք  արտասանում  այն, ինչ  կոնտեքստում, ինչ  նշանակություն  ենք  դրան  տալիս  ու  ինչ  ենք  դրա տակ  հասկանում…

23.04.2012

Off-Line... Навсегда

Չնայած, որ ես իմ բլոգում գրում եմ միայն հայերեն, բայց չկարողացա այս գրառումը չանել...Ինչպես նաև չցանկացա այն թարգմանել, որովհետև ռուսերենով շատ գեղեցիկ է գրված.....

Это сейчас мы дети, подростки. Но потом мы все когда-нибудь покинем 
эти сайты. Мы вырастем, правда. У всех у нас появится семья, дети. Уже
не будем думать о контакте, скайпе, аське и тд. Но когда-нибудь... Ты
обязательно найдешь бумажку где написан твой логин и пароль. Просто так включишь компьютер. Зайдешь Вконтакт. Давно уже опустевшая страница.
Featured
Most Popular
Featured

Follow

Videos