Վերջերս բավական հաճախ է արծարծվում կայքերում մատուցվող ինֆորմացիայի և դրան ընթերցողների բացասական վերաբերմունքի հարցը: Ընթերցողները բողոքում են անորակ ու ոչինչ չասող հոդվածներից: Բողոքում են գրառումներում էրոտիկայի չափից դուրս շատ լինելուց: Չեն հավանում վերնագրերը, փնովում են լրագրողներին, խմբագիրներին, կայքերի հեղինակներին ու բոլոր նրանց, ում հնարավոր է: Բայց երբեք այդ ամենի մեջ չեն տեսնում իրենց մեղքի բաժինը, ինչը կարծում եմ ամենակարևորն է: Ստեղծված իրավիճակում ընթերցողների մեղքի չափաբաժինը ամենևին էլ փոքր չէ: Ինքս ուզում եմ այս թեմային օբյեկտիվ անդրադարձ կատարել` իրավիճակին նայելով և´ որպես ընթերցող, և´ որպես բլոգեր-հեղինակ:
Վերջին տարիներին Հայաստանում խոսքի ազատությունը շատ լուրջ արժեք է դարձել: Մենք կարող ենք հպարտանալ, որ ունենք իրոք ազատ և անկախ մամուլ: Դրա մեջ իհարկե փոքր չէ տեղեկատվական տեխնոլոգիաների առաջընթացի դերը: Բացվեցին մի շարք էլեկտրոնային լրատվական կայքեր, բլոգներ, ֆորումներ, որոնք կարելի է ասել ինչ-որ չափով դուրս են վերահսկողությունից, այստեղ լրագրողները ազատ են, ազատ են իրենց մտքերը արտահայտելիս, ազատ են գրառումների թեմաներն ընտրելիս, չկա պարտադրանք, չկա հսկողություն ու գրաքննություն:
Տեղի ունեցավ այսպես կոչված վիրտուալ հեղափոխություն: Եվ ինչպես ցանկացած հեղափոխություն, այն իր հետ բերեց արժեքների վերաիմաստավորում: Եթե նախկինում տեղեկատվության հիմնական աղբյուրը մամուլն էր, ապա այսօր պատկերն այլ է: Սոցիալական մեդիաների, մասնավորապես բլոգոսֆերայի զարգացումը յուրաքանչյուր օգտատերի հնարավորություն տվեց ստեղծել սեփական «մամուլը», ունենալ ընթերցողների իր բանակը: Արդեն իսկ որոշ բլոգերներ հասարակական կարծիքի ձևավորման հարցում չեն զիջում առաջատար մամուլին: Բայց այս ամենի հետ մեկտեղ տեղի ունեցավ ընթերցողների ճաշակի կտրուկ «դեգրադացիա», փոխվեց մարդկանց աշխարհայացքը, պատկերացումները իրականության և աշխարհի մասին: Չափից դուրս շատ ու բազմազան ինֆորմացիայի միջից մարդիկ սկսեցին ընտրել հեշտ ընկալվողը, ժամանցայինն ու մակերեսայինը: Ստույգ չեմ կարող ասել անձի հոգեբանության տեսանկյունից դա ինչով է բացատրվում, ենթադրում եմ, որ դա կարող է պարզապես փոխհատուցում (կոմպենսացիա) լինել: Այսինքն մարդկանց կյանքը առանց այդ էլ բարդ է ու դժվարություններով լի, և այս դեպքում մատուցվող ինֆորմացիայի միջից հեշտն ընտրելով, գուցե փոխհատուցում են առօրյա դժվարությունները: Իսկ այ պոռնո և էրոտիկա նախընտրելը լրիվ այլ հարց է: Դա խոսում է ընթերցողների մեծ մասի բարոյալքվածության մասին: Աջ ու ձախ հպարտանում են, որ Հայաստանը համացանցում «պոռնո» բառի որոնմամբ առաջին տեղում է: Իսկ դա ամենևին էլ հպարտանալու առիթ չէ, դա խոսում է մեր հասարակության մի զգալի զանգվածի սեռաքաղցով տառապելու և զսպված սեռական ցանկությունների մասին, ինչը կրկին փորձում են փոխհատուցել համացանցում սեռական բնույթի նյութեր կարդալով, վիդեոներ ու նկարներ նայելով: Եվ այս ամենը իհարկե արտացոլվում է միայն կայքերի «ամենաընթերցված» նյութեր բաժիններում: Ու դրանից ելնելով մեղադրել կայքերին ու լրագրողներին մի՞թե անմտություն չէ: Իսկ ասել, որ կայքերում չկան այլ բովանդակության նյութեր, անարդար է : Չկա մի կայք, որտեղ վատ նյութի կողքին չի մատուցվում նաև լավը, անմիտ հոդվածի կողքին չկա խելացի վերլուծություն: Բայց այդ հոդվածները չեն ընթերցվում, չունեն թիրախային լսարան, երբեք չեն հայտնվում «ամենաընթերցված» ու «ամենասիրված» բաժիններում: Կարծում եմ ձեզանից յուրաքանչյուրը, ով երբևէ որևէ նյութ գրած լինի, կհամաձայնվի ինձ հետ, որ մեկնաբանվում են ու ընթերցվում են ամենաանմիտ ու որևէ ասելիք չունեցող հոդվածները, աստղերի կյանքին ու մարմնական բարեմասնություններին վերաբերվող գրառումները, իսկ խելացի վերլուծությունները, որոնք գուցե փորձում են ինչ-որ շատ կարևոր խնդիր բարձրաձայնել, կարդացվում են հատուկենտ մարդկանց կողմից: Այս ամենի մեջ էլ էլի՞ լրագրողներն են մեղավոր: Հիմա, երբ կայքերի ու իրենց ընթերցողների միջև ինտերակցիան, համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, կայքերի կոնտեքստը ձևավորում են ընթերցողները: Գուցե ընթերցողներից շատերը չեն էլ գիտակցում իրենց ուսերին դրված այդ պատասխանատվության կարևորությունը, բայց իրենք են ստեղծում այն, ինչից հետո բողոքում են: Պետք է պարզապես գիտակցել այդ պատասխանատվությունը և դրան մոտենալ սրտացավորեն: Կար ժամանակ, երբ ծնողները ամաչում էին երեխաների հետ նույն ֆիլմը նայել, որովհետև ֆիլմում «անհարմար» ու բաց տեսարաններ էին, իսկ հիմա նույն ծնողները ամաչում են իրենց երեխաների հետ նույն կայքից օգտվել, որովհետև այդ «անհարմար» բովանդակությունը գերիշխում է բոլոր կայքերում: Եվ նորից եմ կրկնում այդ ամենի ստեղծմանը դուք մասնակցում եք լրագրողներին հավասար: Դուք եք ձևավորում պահանջարկը և մասնակցում եք առաջարկի ստեղծման գործընթացին: Կայքերին եք մեղադրում ռեյտիգամոլության մեջ, բայց եկեք խոստովանեք, որ շատ հաճախ ինքներդ էլ փորձում եք գրել այպիսի նյութեր, որոնք «կդիտվեն» ու կմեկնաբանվեն: Եվ խոսքը միայն բլոգներում ու կայքերում գրառումների մասին չէ, ինչու չէ նաև սոցիալական ցանցերում ստատուս եք գրում շատ լայքվելու ու քոմենթվելու մղումով: Այս ամենը ժամանակի թելադրած մարտահրավերներ են, որոնց հետ կարծում եմ պետք է հաշվի նստի մեզանից յուրաքանչյուրը, ով ուզում է քայլել ժամանակին համըթաց, և դրա հետ մեկտեղ չկորցնի իր արժեքները...Այնպես որ բողոքելուց առաջ նախ ինքներդ ամեն անգամ անմակարդակ հոդվածը մի բացեք, մի կարդացեք, մի ընկեք դիտումների, լայքերի ու մեկնաբանությունների հետևից, հետո նոր մեղադրեք լրագրողին, ով ընդամենը ձեզ մատուցում է ձեր պանջածը: