18.03.2013

Բարձրախոսին բարձրախոս տվե´ք, նա մեզ այնքա՜ն ասելու բան ունի


Անջատե´ք բոլոր բարձրախոսներն աշխարհի, անջատե´ք, լռեցրեք այս աղմուկը, կտրեք այդ մեծամիտների ձայնը, անջատեեեեեք...ու լռության մեջ կտեսնեք, թե  քանի՞ միտք տեղ կհասնի, քանի՞ բա..ռ ծնունդ կառնի ձեր ճարտար լեզվի վրա ու կյանք կստանա դուրս գալով ձեր բերանից...շատ քիչ, որովհետև մենք չենք սիրում ցածր խոսել, մենք սիրում ենք գոռալ մեր մտքերը, բարձր, որքան հնարավոր է բարձր գոռալ, սուտ խոստումներ, կեղծիք, սուտ, սուտ...ասում են` սուտը պետք է բարձր գոռալ, որ հավատացողները շատ լինեն: Իսկ ստին կյանք տալ է օգնում բարձրախոսը, սեփական կարծիքը չունեցող ու ուրիշի մտքերը կրկնող այդ անլեզու էակը: Իսկ նա այնքա՜ն կուզեր սեփական մտքերն ունենալ, ձեր դատարկ բառերի փոխարեն սեփական բառերը մարդկանց հասցնել, լսում եք՞, ձերը չէ, իր ՍԵՓԱԿԱՆԸ...

Բարձրախոսին բարձրախոս տվեք, նա էլ է ուզում խոսել, նա մեզ այնքա՜ն ասելիք ունի...Նա հոգնել է ձեր ստերը բարձրաձայնելուց, այլևս չի կարողանում մարդկանց աչքերին նայել, ձեր տեղ նա է ամաչում: Նա չի ուզում արցունքն աչքերին թոշակառուին ստել, որ թոշակը կբարձրանա, նա այլևս չի ուզում սեփական ժողովրդին խաբել, նրանց հույսի վրա ձայներ շահել, բարձրախոսը հոգնել է, հասկացե´ք, նա չի կարող նայել երիտասարդների հավատով լի աչքերին ու ասել, որ այս անգամ ամեն ինչ լավ է լինելու, որ նոր աշխատատեղեր կստեղծվեն, որ նրանք ապահով կյանք կունենան սեփական երկրում, հայրենի հողի վրա:

Բարձրախոսը ուզում է կտրել սեփական լեզուն ամեն անգամ, երբ անտունին տուն է խոստանում, հիվանդին` դեղ ,  անհույսին` հույս...Նա հոգնել է ձեր ստերից, նա չի ուզում խաբել իրեն հավատացողներին: Նա չի ուզում տեսնել այդ ծախված քաղաքական գործիչներին, արվեստը վաղուց մոռացած արվեստագետներին, ժողովրդի կողմից «ընտրված» ընտրյալներին ու փրկիչներին...կանգնեցրե´ք համերգը, բեմից իջեցրեք դերասաններին, կտրեք այդ սուտասանների ձայնը ու բարձրախոսին բարձրախոս տվեք,  նա չի ուզում 5 տարին մեկ դուրս գալ փոշոտված դարակից, այն էլ ինչի՞ համար, ստելու՞, ստելու փոքրիկին, որ իր հայրը արտագնա աշխատանքից տուն կգա, ստելու մորը, որ իր զինվոր որդին հրամանատարների «հոգատար» ձեռքերում է: Պոկե´ք նրա լեզուն, բայց այդ լեզվով մի գոռացեք, որ մենք ապրում ենք օրենքի երկրում, ուր բոլորը հավասար են օրենքի առաջ,  ապրում ենք մի երկրում, որտեղ օլիգարխը կամ իր հաստավիզ թիկնապահը չեն կարող քեզ ծեծելով սպանել, ապրում ենք մի երկրում, որտեղ բարձրախոսը երբեք նույն բարձր ձայնով չի գոռում, որ կան երեխաներ, ովքեր մի կտոր հացի կարոտ գիշերները քնել չեն կարողանում, չեն գոռում այն մասին, որ երեխան կոշիկ չունի դասի գնալու համար, որ ազատամարտիկը վիրահատության փող չունենալու պատճառով մեռնում է, որ հիվանդ երեխայի միակ փրկությունը «ֆեյսբուքահայերի» ողորմածությունն է, չեն գոռում, որ կան կաշառված դասախոսներ, կաշառված դատավորներ, անմեղ «մեղավորներ»...: Փոխարենը, բոլոր բարձրախոսները որքան հնարավոր է բարձր գոռում են արդարության ու հավասարության, շքեղ ու հեքիաթային կյանքի մասին ստեր ու հեքիաթներ: Իսկ ձեր ստերը մարդկանց հասցնել է օգնում սեփական բարձրախոսը չունեցող այդ անլեզու էակը, ով պատրաստ է կտրել սեփական լեզուն, միայն թե ձեր ձայնը կտրի...
Անջատե´ք բոլոր բարձրախոսներն աշխարհի...ու բարձրախոսին խոսելու հնարավորություն տվեք, նա մեզ այնքան ասելու բան ունի...

0 коммент.:

Отправить комментарий

Featured
Most Popular
Featured

Follow

Videos