17.08.2012

«Դժվար ապրուստի» Մերիի «մահը» և զոմբիացած հայ հասարակությունը


 21-րդ  դարում, երբ  կյանքը  հագեցած  է  կոմունիկացիայի ամենատարբեր  միջոցներով, երբ հարկավոր  է  հեռախոսի  վրա  ընդամենը  մի քանի  թիվ  հավաքել,  և  այն  մարդը,  ում  մենք  կարոտում  ենք, մեզ  հետ  կլինի, երբ ինտեռնետը  և  օրեցօր  ավելացող  սոցիալական  ցանցերը  «սպանել են»  հեռավորություն  և  տարածություն  հասկացությունները,  երբ  թերթերը  քամու  արագությամբ  մեզ  են  հասցնում  ամբողջ  աշխարհում  տեղի  ունեցող իրադարձությունները,  երբ  ոչ  մի  վայրկյան  չի  լռում  հեռուստացույցը, երբ փողոցները  լի  են  մարդկանցով, երբ  օտար  լեզուներ  սովորելը  իրենից  այլևս  ոչ  մի  դժվարություն  չի  ներկայացնում, թվում է, թե ստեղծված են բոլոր պայմանները, որ մարդիկ համախմբվեն, ապրեն իրար հոգսերով, հոգ տանեն իրենց մերձավորների մասին, ուշադիր լինեն իրենց շուրջը կատարվող իրադարձություններին, տեղեկացված լինեն, ակտիվ, ուշադիր...բայց արի ու տես, որ մարդկանց համակել է 21-րդ դարի ամենամեծ չարիքը` անտարբերություն, անպատասխանատվություն...
Մեր  օրերում  մարդիկ դարձել են անտարբեր ու անպատասխանատու: Նրանք պատասխանատվություն չեն կրում ոչ միայն իրենց կյանքի համար, այլ նաև անտարբեր են կողքի մարդկանց հոգսի հանդեպ: Ամեն ինչի մեղավորը ուրիշներն են, մեղավոր են բոլորը, բացի իրենցից...
Այս  հիվանդության  չափերը  և  ուժգնությունը այլևս  չունեն սահմաններ: Մարդիկ փակվել են իրենց աշխարհներում ու չեն նկատում ոչինչ, կամ էլ եթե նկատում են, փորձում են իրենց չծանրաբեռնել «ավելորդ հոգսերով»: Ինչ-որ մեկի երեխան մահանում է, նրան կարող է փրկել մեր 1 գրամ արյունը, բայց դա մեզ չի հետաքրքրում, ինչների՞ս է պետք, կարևորը մեր երեխաները առողջ են, իսկ ուրիշները թող իրենք մտածեն...
Բայց արի ու տես, որ մարդիկ լավ էլ գիտեն, ինչի հանդեպ ուշադիր լինել, ինչի վրա «թքած ունենալ»: Երբ խոսքը գնում է Քիմ Քարդաշյանի մարմնի բարեմասնությունների կամ էլ իրենց կուռք դարձած սերիալների հերոսների մասին, լավ էլ հետաքրքրասեր ենք դառնում, լավ էլ ուշադիր...
Բայց այն, ինչ տեղի ունեցավ երեկ, ինձ համար անցավ բոլոր սահմանները...Էլ չեմ կասկածում, որ բոլորիդ հայտնի է «Դժվար ապրուստ» հեռուստասերիալը, որը իսկական պատուհաս է դարձել մեր գլխին: Էլ բողոքի ցույցեր անցկացրեցին սերիալի դեմ, էլ նախագահին նամակ գրեցին, էլ հասարակական կազմակերպություններն ու կանանց իրավունքների պաշտպանները  ոտքի ելան, բայց անարդյունք, սերիալը շարունակում է ծաղկել ու զարգանալ, հերոսները ամուսնանալ ու բազմանալ...
Երեկ սերիալում տեղի ունեցավ շատ անսպասելի մի բան, սայլը տեղից շարժվեց, վերջապես սցենարի մեջ շարժ նկատվեց :) Այդ չարագործ,անլվա Էլենը «սպանեց» Մերիին  Բայց ի՞նչ իմանային սցենարիստները, որ այդ իրադարձությունը կխլի ազգիս կեսի քունն ու դադարը, մարդիկ կկորցնեն իրենց ու ֆեյսբուքում Մերիի հարությունը պահանջող խմբեր կբացեն...
Բլոգ Նյուզում մի հումորային գրառում տեղադրեցի`
«Աստվա՜ծ իմ, օ ո՜չ, Մերին մահացավ... ես այսուհետ ինչպե՞ս ապրեմ... թող երկինքը պատռվի ու ինձ կուլ տա... էդ սաղ դո՛ւք եք մեղավոր, էնքա՜ն կռացիք, միտինգ արիք, է՞դ էիք ուզում... օ՜, աստվածնե՜ր, իջե՛ք Օլիմպոսից, պատժե՛ք այս ճղճիմ մարդուկներին, ովքեր Մերիի մահն էին ուզում...

Ծիաննա Քրքորյան
Հ.Գ. Սա ընդամենը ՀՈՒՄՈՐ է :) »

Սկսվեեեց մեկնաբանությունների ու լայքեր տարափը, մարդիկ իրար էին հանգստացնում ու սգում... չէէէէ չեմ հավատում... հիմա մեռա՞վ, թե՞ չէ...չէ չմեռավ, հիվանդանոց որպես վիրավոր տարան, ոչ որպես մեռած...Իսահակ Խորենիչին թողած Մերիին եք քնարկում...դրան տեղն էր, շուտ պիտի մեռներ...ինձ թվումա իսկականից չի մեռել....Էլենը լավ էլ պարապած աղջիկ ա երևում, միանգամից հրեց, քցեց...ժողովուրը քեզ չի մոռանա...էս էիք ուզում...Ու էլ չասեմ այն մեկնաբանողների մասին, ովքեր ընդհանրապես չեն հասկանում, որտեղ ավարտվեց սերիալը ու սկսվեց կյանքը:  հետո էլ ասում են սերիալ չեն նայում, մեկ ժամվա մեջ 8000 հոգի քննարկեց Մերիի «մահը», դեռ մի բան էլ «պաշտոնական աղբյուրները» հերքեցին այդ դաժան լուրը`



 Մարդիկ, ուշքի եկեք, հերիք է զոմբիանաք սերիալների ազդեցության տակ, Մերին ընդամենը դեր էր կատարում, չմեռավ, հանգստացեք, վերջ տվեք այս ողբին, սթափվեք, արդեն ծիծաղելի է այս հիստերիան, վերջ տվեք  ստատուսներին, քննարկումներին: Հասուն մարդիկ եք, բայց արդեն հոգեկան հիվանդների տպավորություն եք թողնում...
Իսկ ամենացավալին այն է, որ այդ նույն ժամին կայքում տեղադրվեց ևս մեկ նյութ, այն էլ կայքի ամենաերևացող հատվածում` «Հատուկ Բլոգ Նյուզի համար» բաժնում` փոկրիկի կյանքը փրկելու կոչ, խնդրանք....բայց ու՞մ էր դա պետք, ազգս տապակվում էր Մերիի կորստի ցավի մեջ:



Փոքրիկ Սամվելի ծնողները  իրենց վերջին հույսը համարելով ձեզ պես անսիրտներին, խնդրում են փրկել իրենց երեխայի կյանքը, իսկ դու՞ք...Դուք անսիրտ ու եսասեր մարդիկ, համազգային ողբի եք վերածել սերիալի հերոսուհու մահը: Սթափվեք, մեր կողքը մեր իսկ անտարբերությունից երեխաներ են մահանում, իրական կյանքը սա է, իրական մահը սա է, որը  խլում է դեռ ոչինչ չտեսած, դեռ կյանք չապրած փոքրիկին, մահը ֆեյսբուքից ու հեռուստացույցից դուրս է, ցավը ու վիշտը այս մարդկանցն է, հույսն ու հավատը նրանց է հարկավոր, օգնության կարիք նրանք ունեն, ոչ թե Մերին ով,  մահ խաղալով, վաստակեց իրեն հասանելի գումարը ու ուրախ, ողջ ու առողջ տուն գնաց....
Ուշքի եկեք, պարտադիր չի, որ վիշտը մերը լինի, որ սթափվենք, սկսենք քայլեր ձեռնարկել: Մերիի սերիալային մահը ողբալու խանդավառության կեսի չափ էլ ուշադիր եղեք ձեր կողքը ապրող ԻՐԱԿԱՆ մարդկանց հանդեպ....

0 коммент.:

Отправить комментарий

Featured
Most Popular
Featured

Follow

Videos