07.07.2012

Սիրենք զմիմեանս ինտերնետում


Ինչպես տեսնում եք կրկին անդրադառնում եմ մեր օրերի ամենացավալի թեմաներից մեկին` ՍԵՐ ինտերնետում կամ ինչպես ընդունված է այն կոչել «վիրտուալ սիրուն: Իհարկե հեծանիվ հայտնագործած չեմ լինի, եթե սկսեմ երկար ու բարակ խոսել, թե ինչ նշանակություն ունի ինտերնետը մեր կյանքում, որ մենք այլևս չենք պատկերացնում մեր կյանքը առանց ինտերնետի: Ինտերնետը արդեն վաղուց գրավել է մեր սիրտը, միտքն ու հոգին, տիրացել է մեր ազատ և ոչ այնքան ազատ ժամանակին: Այն փոխել է մեր մտածելակերպը և աշխարհայացքը, «հարստացրել» մեր բառապաշարը: Հիմա մենք առավոտից երեկո լայքում ու լայքվում ենք, քոմմենթում ու քոմմենթվում: Չենք էլ պատկերացնում, թե ինչպե՞ս էինք գրելու մեր ռեֆերատները, կուրսայիններն ու դիպլոմայինները առանց այդ հրաշք հանրագիտարանի և ուսուցչի….Ի˜նչ երջանիկ ենք մենք մեր ինտերնետի հետ: Իսկ այս ամենից հետո ամենևին էլ զարմանալի չէ, և նույնիսկ օրինաչափ է, որ ինտերնետը ներխուժել է նաև մարդկային հարաբերությունների այնպիսի ոլորտ, ինչպիսին է սերը և համակրանքը: Ինտերնետը մեզ է առաջարկում ծանոթությունների  հազարավոր կայքեր, որտեղ գրանցվելով մենք կգտնենք մեր կյանքի երկրորդ կեսերին, կգտնենք ՍԵՐ:

Միայնա՞կ եք, տխո՞ւր եք, իսկ ինչո՞ւ եք հապաղում գրանցվեք մեզ մոտ, բեռնեք Photoshop-ի ձեռքի տակով անցած մեկ-երկու  լավ նկար, և նա անպայման կգրի ձեզ, կպատի ձեզ իր սիրո սմայլիկներով: էլ չեմ խոսում մեր պաշտելի սոցիալական կայքերի մասին, որոնք արդեն վաղուց կորցրել են իրենց օգտագործման բուն նպատակը և վերածվել են միայնակ սրտերին իրար կապող ամուսնական գործակալությունների: Համադասարանցիներին գտնելու մտքից խանդավառված հազարավոր մարդիկ  մոռացան ինչի համար էին գրանցվել այդ կայքում և փոխարինելով իրենց անունները Siro Aspet- ով  և  Tenas mamas qo nman pesa kuzi-ով, սկսեցին սեր փնտրել ինտերնետի սարդոստայններում: Ինչէ, չեմ ուզում գովազդել ոչ ծանոթությունների կայքերը, և ոչ էլ սոցիալական ցանցերը, քանի որ իմ գովազդելու կարիքը առանձնապես չի էլ զգացվում: Այլ ուզում եմ ընդամենը ներկայացնել վիրտուալ սիրո թերությունները և առավելությունները: Այո, պետք չէ զարմանալ այս ՍԵՐԸ  ունի նաև առավելություններ  և թերևս սկսեմ դրանցից.
1. Ինտերնետում  ամենևին էլ կարևոչ չէ ունես դու այդքան բաղձալի 90/60/90 չափսերը, քո հասակը 170 սմ է թե ոչ: Միայն այստեղ դու կարող ես ցույց տալ քո հումորը և խելքը`առանց վախենալու, որ քեզ սխալ կհասկանան: Այստեղ դու կարող ես գտնել մարդուն, ով հոգեպես շատ հարազատ կլինի քեզ:
2. Ինտերնետում դու  քո սպասումները և պահանջները արտահայտելու մեծ հնարավորություններ ունես: Օրինակ` փնտրում եմ կապուտաչյա, շեկ մազերով և բարձրահասակ աղջիկների: Իսկ իրական կյանքում դժվար թե քայլես փողոցով և կարողանաս բարձրաձայնել փնտրտուքներիդ մասին:
3. Ինտերնետում ազատ կարելի է խոսել ցանկացած թեմայի շուրջ, ինչը շատ հաճախ հնարավոր չի լինում իրական կյանքում:
4. Եթե ձեզ վիրտուալ ժամադրության են հրավիրում, պետք չէ ժամերով մտածել ինչ հագնելու և ինչ տեսքով ներկայանալու մասին:
5. Եվ ամենագլխավորը, եթե դուք այնուամենայնիվ վիրտուալ աշխարհում չգտնեք ձեր սիրուն, դուք կգտնեք շատ ընկերներ, որոնց կարելի և հրավիրել իրական կյանք:
Իսկ հիմա անդրադառնանք վիրտուալ սիրո թերություններին, որոնք քիչ չեն.

1. Սկսեմ ամենակարևորից: Միշտ էլ հավանականությունը մեծ է, որ ձեր վիրտուալ ասպետի փոխարեն համակարգչի առջև ամենևին էլ ասպետ նստած չի, և ինչն է ամենացավալին, որ երբեմն նույնիսկ նրա սեռը չի համապատասխանում ասպետի սեռին:
2. Վիրտուալ սեր ապրող մարդը կարող է ամբողջովին կտրվել իրական կյանքից և տեղափոխվել իր հորինած վիրտուալ աշխարհը, ինչը շատ լուրջ հոգեկան խնդիրների պատճառ կարող է հանդիսանալ:
3. Ձեր վիրտուալ յարը կարող է ձեզանից 1000-ավոր կիլոմետրեր հեռավորության վրա գտնվել, իսկ այդ դեպքում նրան իրական կյանքում հանդիպելը այնքան էլ ռեալ չէ:
Այս շարքը անվերջ կարելի է շարունակել, բայց եկեք միշտ հիշենք, որ իրական կյանքում գույները ավելի վառ են, զգացմունքները ավելի իրական են, իսկ մարդիկ այնպիսին են, ինչպիսին, որ կան…Սիրենք և լինենք սիրված ԻՐԱԿԱՆ կյանքում…..
Featured
Most Popular
Featured

Follow

Videos