24.10.2011

Մեր օրերի պարադոքսները


Վերջերս   կարդացի  ամերիկացի  երգիծաբան   Ջորջ  Կառլինի  «Մեր  օրերի  պարադոքսները»  (George  Carlin, "The  Paradox  Of  Our  Time")  հոդվածը, որը  հեղինակը  գրել  է  70-80-ական  թվականներին,  և  զարմացած  եմ,  թե  որքան   արդիական  է  հնչում  այն  մեր  օրերում: Հոդվածում  ամեն  մի  տողը   ասես  ներկայացնում  է  21-րդ  դարը  և  21-րդ  դարի  մարդուն,  ով  կարծես  թե ունի  ամեն  ինչ,  բայց  միևնույն  ժամանակ  չի  կարողանում իրեն  գտնել,  մարդուն,  ով  գիտի ` ինչպես   գոյատևել,  բայց  չգիտի  ինչպես  ապրել….Եվ այսպես հայերեն լեզվով  ներկայացնեմ  այդ  հրաշալի  հոդվածը,  որը  վստահ  եմ  շատերին  դուր  կգա .

«Մեր  օրերի  պարադոքն  այն  է,  որ  մենք  ունենք  բարձր  կառույցներ,   բայց  ցածր  համբերություն, ունենք  լայն  մայրուղիներ,  բայց  նեղ  հայացքներ: Ծախսում  ենք  շատ, բայց  ունենք   քիչ, գնում  ենք  որքան  հնարավոր  է  շատ  բան, բայց  դրանից  շատ  քիչ  ենք ուրախանում: Ունենք  մեծ  տներ,  բայց  փոքր  ընտանիքներ,  ունենք  ամեն  հարմարություն,  բայց  չունենք  ժամանակ: Ունենք  լավ  կրթություն, բայց  քիչ  խելք,  ունենք   լավ  գիտելիքներ,  բայց   չենք  կարողանում  լավ  գնահատել իրավիճակը, ունենք  շատ  փորձագետներ, բայց  և  ունենք  ավելի  շատ  խնդիրներ,  ունենք  շատ  լավ  և  զարգացած  բժշկություն, բայց  չունենք  առողջություն: Մենք  օգտագործում  ենք  չափից  դուրս  շատ խմիչք,  ծխում  ենք  շատ, մեր փողերը ծախսում  ենք  անպատասխանատվությամբ,  ծիծաղում  ենք  շատ  հազվադեպ,  մեքենա  ենք  վարում  շատ  արագ,  հաճախ  ենք  բարկանում,  շատ  ուշ  ենք  պառկում  քնելու,  արթնանում  ենք  արդեն  իսկ  շատ  հոգնած,  շատ  քիչ  ենք  կարդում,  հեռուստացույց  շատ  ենք  դիտում   և  ցավոք  շատ  հազվադեպ  ենք  աղոթում…
Մեծացրել  ենք  մեր  պահանջները,  բայց  կրճատել արժեքները: Խոսում  ենք  շատ, սիրում  ենք շատ  հազվադեպ  և  ատում   շատ  հաճախ: Գիտենք  ինչպես  գոյատևել, բայց  չգիտենք  ինչպես  ապրել: Մարդկային  կյանքին  տարիներ  ենք  ավելացնում,  բայց  այդպես  էլ  չենք  կարողանում  տարիներին  մարդկություն  ավելացնել:  Հասել  ենք  լուսին  և  հետ  վերադարձել, բայց  դժվարությամբ  ենք  անցնում  փողոցը  և  ծանոթանում  նոր  հարևանի  հետ: Գրավում  ենք  տիեզերքը,  բայց  չենք  կարողանում  գրավել  մարդկանց  հոգիները: Անում  ենք  մեծ,  բայց  ոչ  լավ  գործեր: Մաքրում  ենք  օդը,  բայց  աղտոտում  ենք  հոգին: Ճեղքում  ենք  ատոմները,  բայց  ոչ մեր  նախապաշարմունքները: Գրում  ենք  շատ,  բայց  իմանում ենք  քիչ:  Պլանավորում  ենք  շատ,  բայց  հասնում  ենք  շատ  չնչին  մասին: Սովորել  ենք  շտապել, բայց   ոչ սպասել: Ստեղծում  ենք  նոր  համակարգիչներ,  որոնք  պահպանում  են  ավելի  շատ  ինֆորմացիա  և  նորություններ,  քան  առաջ,  բայց  շփվում  ենք  ավելի  ու  ավելի  քիչ:  Հիմա  արագ  սնվելու, բայց  վատ  մարսողություն  ունենալու, մեծ  մարդկանց  և փոքր  հոգիների,  արագ  եկամուտի  և  բարդ   փոխհարաբերությունների  ժամանակներ  են: Ընտանեկան  եկամուտների և  ամուսնալուծությունների  թվի  աճի , գեղեցիկ  տների  և  քանդված  ընտանեկան  օջախների  ժամանակներ են: Ժամանակներն  են  կարճ  հեռավորությունների,  մանկական  տակդիրների, խեղված  բարոյականության, մեկ  գիշերվա  համար  կապերի, ավելորդ  քաշի  և  հաբերի,  որոնք  անում  են  ամեն  ինչ` գրգռում  են, հանգստացնում  և  սպանում   մեզԼի  ցուցափեղկերի  և  դատարկ  պահեստների ժամանակներ են: Ժամանակներ,  երբ  տեխնոլոգիաները  հնարավորություն  են ընձեռում  այս  նամակին ձեզ հասնել, միաժամանակ  հնարավորություն  տալով  ձեզ  տարածել  կամ  ջնջել  այն  Delete  կոճակի  սեղմումով:
Հիշե՛ք, ավելի  շատ  ժամանակ  տրամադրեք  նրանց,  ում  սիրում  եք,  որովհետև  նրանք  հավերժ  չեն  լինելու  ձեզ  հետ  :
Հիշե՛ք, ջերմ  խոսքեր  ասեք  նրան,  ով  հիացմունքով  ձեզ  է  նայում  ներքևից  վերև,  որովհետև այդ  փոքրիկ  էակը  շուտով  կմեծանա  և  այլևս  ձեր  կողքին  չի լինի:
Հիշե՛ք  և  ձեր  հարազատին  ամուր  սեղմեք  ձեր  կրծքին,  քանի,  որ  սերը  միակ  բանն է,  որ  կարող  եք  նրան   ձեր  սրտից  անշահախնդրորեն  նվիրել:
Հիշե՛ք  և  ձեր  սիրելիին  ասեք  «սիրում  եմ  քեզ»,  բայց  նախևառաջ  դա  իսկապես զգացեք:  Համբույրը  և   գրկախառնությունը  կարող  են  հարթել  ցանկացած  անախորժություն,  երբ  բխում  են  սրտից:
Հիշե՛ք  և  բռնեք  իրար  ձեռք,  գնահատեք այն  պահերը,  երբ  միասին  եք,  որովհետև  մի  օր  այդ  մարդը   այլևս  չի  լինի  ձեր  կողքին:
Ժամանակ  գտեք  սիրո  համար, ժամանակ  գտեք  շփման  համար  և  ժամանակ  գտեք  ասելու  այն  ամենը,  ինչը  ձեր  սրտում  է,  որովհետև  կյանքը  ոչ  թե  չափվում  է  ներշնչելու  և  արտաշնչելու  րոպեներով,  այլ  այն  այն  պահերով,  երբ  շունչդ  է կտրվում….»




0 коммент.:

Отправить комментарий

Featured
Most Popular
Featured

Follow

Videos