18.03.2013

Բարձրախոսին բարձրախոս տվե´ք, նա մեզ այնքա՜ն ասելու բան ունի


Անջատե´ք բոլոր բարձրախոսներն աշխարհի, անջատե´ք, լռեցրեք այս աղմուկը, կտրեք այդ մեծամիտների ձայնը, անջատեեեեեք...ու լռության մեջ կտեսնեք, թե  քանի՞ միտք տեղ կհասնի, քանի՞ բա..ռ ծնունդ կառնի ձեր ճարտար լեզվի վրա ու կյանք կստանա դուրս գալով ձեր բերանից...շատ քիչ, որովհետև մենք չենք սիրում ցածր խոսել, մենք սիրում ենք գոռալ մեր մտքերը, բարձր, որքան հնարավոր է բարձր գոռալ, սուտ խոստումներ, կեղծիք, սուտ, սուտ...ասում են` սուտը պետք է բարձր գոռալ, որ հավատացողները շատ լինեն: Իսկ ստին կյանք տալ է օգնում բարձրախոսը, սեփական կարծիքը չունեցող ու ուրիշի մտքերը կրկնող այդ անլեզու էակը: Իսկ նա այնքա՜ն կուզեր սեփական մտքերն ունենալ, ձեր դատարկ բառերի փոխարեն սեփական բառերը մարդկանց հասցնել, լսում եք՞, ձերը չէ, իր ՍԵՓԱԿԱՆԸ...

Բարձրախոսին բարձրախոս տվեք, նա էլ է ուզում խոսել, նա մեզ այնքա՜ն ասելիք ունի...Նա հոգնել է ձեր ստերը բարձրաձայնելուց, այլևս չի կարողանում մարդկանց աչքերին նայել, ձեր տեղ նա է ամաչում: Նա չի ուզում արցունքն աչքերին թոշակառուին ստել, որ թոշակը կբարձրանա, նա այլևս չի ուզում սեփական ժողովրդին խաբել, նրանց հույսի վրա ձայներ շահել, բարձրախոսը հոգնել է, հասկացե´ք, նա չի կարող նայել երիտասարդների հավատով լի աչքերին ու ասել, որ այս անգամ ամեն ինչ լավ է լինելու, որ նոր աշխատատեղեր կստեղծվեն, որ նրանք ապահով կյանք կունենան սեփական երկրում, հայրենի հողի վրա:

02.03.2013

Թելը...


Երբևէ մտածել եք` ի՞նչն է ամենակարևորը մարգարտե վզնոցում, եթե մտածում եք մարգարիտը, սխալվում եք, ճիշտ է, այդ ճերմակ, փայլուն ու գեղեցիկ մարգարտահատիկները կարևոր են, բայց ոչ այնքան, որքան այն թելը որի վրա հավաքված են դրանք: Մի պահ պատկերացրեք թելը կտրվեց...մարգարտի հատիկները մեկը մյուսի հետևից կընկնեն հատակին, կգլորվեն, կկորեն ու էլ չկա գեղեցկություն, չկա վզնոցը...Եվ եթե անգամ փորձեք դրանք հավաքել, ձեռքերը քերծելով ու եղունգները կոտրելով հատակի փայտերի արանքներից հանել բոլոր հատիկները ու նորից վզնոցը հավաքել, միևնույն է, չեք կարողանա դա անել, չեք կարողանա նախկին շքեղ տեսքը ստանալ, չի ստացվի բոլոր հատիկները գտնել, գտածներն էլ քերծված ու փոշոտված են...

Արցունքները կաթում են ձեռքիդ մեջ հավաքված մարգարտահատիկների վրա, մաքրելով դրանք, ու հիշեցնելով այդքան թանկ նվերիդ երբեմնի ճերմակ փայլի մասին...իսկ թելը՞, ո՞ւր է թելը, մարգարտահատիկները հավաքելուց դու չհիշեցիր էլ թելի մասին, բայց չէ՞ որ ամենակարևորը հատիկները պահող թելն էր: Հիշեք կյանքում ամենակարևորը ԹԵԼՆ Է, թելը որի վրա հավաքվում են ձեր կյանքի մարգարտահատիկները, բայց ո՞վ  է հիշում դրա մասին...
Featured
Most Popular
Featured

Follow

Videos