27.12.2011

Տարեմուտին…

Եվս  մի  քանի  օր  և  բոլորիս  կողմից  այդքան  սպասված  Նոր Տարին…Այդքան  սպասված  նոր  էջը, նոր  օրը, մեր  կյանքի  մեկ  այլ  նոր  փուլը …և  պարզապես  ՆՈՐ  հնարավորությունը  ամեն  ինչ  նորից  սկսելու, նորից  երազելու  և  նորից  հավատալու, որ  անպայման  կիրականանա  այն  ամենը, ինչի  մասին  ՆՈՐԻՑ  սկսեցինք  երազել…Նոր  տարին  իր  մեջ  շատ  հետաքրքիր  խորհուրդ  է պարունակում, հենց  այդ  գիշեր  ենք  մենք  վերհիշում  մեր  ամբողջ  անցած  տարին, հիշում  ստացվածը  և  չստացվածը, ձեռքբերածն ու  կորցրածը, հաջողությունները  և  անհաջողությունները: Եվ  այդ  ամենը  վերհիշում  ենք  մի  տեսակ  բարությամբ, ժպիտով  ու  մեր  սրտում  ամենահրաշալի  զգացումով`ՀԱՎԱՏՈՎ: Հավատով, որ  ամենահրաշալին  առջևում  է, եկող  Նոր  տարվա  օրերում…

21.12.2011

ՄԵՆԱԿՈՒԹՅՈՒՆ….


21-րդ  դար…և  ինչ  խնդրի  առջև  ասես  չի  կանգնել  մարդկությունը: Գլոբալ տաքացում,  աղտոտված  էկոլոգիա,  անբուժելի  հիվանդություններ,  ՁԻԱՀ, քաղցկեղ…այս  ցուցակը  իհարկե  կարելի  է  անվերջ  շարունակել,  բայց  կարելի  է նաև  կանգ  առնել  և  նշել  միայն  մեկը` 21-րդ  դարի  ամենատարածված չարիքը` ՄԵՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ…Մեր  օրերում  մենակություն  այլևս  չի  նշանակում  դատարկ տան  մեջ  մենակ  լինել: Այս  հիվանդության  չափերը  և  ուժգնությունը  այլևս  չունեն սահմաններ:

14.12.2011

Գիտեմ…

Երբեմն  մտածում  եմ, ինչ  լավ  կլիներ, որ ես չիմանայի…
Իսկ  ես  գիտեմ…Գիտեմ, որ  չի  կարելի ստիպել  մարդուն  սիրել  քեզ: Պարզապես  պետք   է  ԼԻՆԵԼ  մարդ, ում  կարելի  է  սիրել, մնացածը  քեզանից  կախված  չէ…
Գիտեմ, որ  պահանջվում  են  տարիներ  վստահություն  ձեռք  բերելու  համար, և ընդամենը  մեկ  վայրկյան  այն  կորցնելու  համար…
Գիտեմ,  որ  կարևոր  է  ոչ թե  այն, ինչի  ես  դու  քո  կյանքում  հասել, այլ  այն, թե  այդ  ամենը  ինչ  նշանակություն  ունի  քեզ  համար…
Գիտեմ, որ  կարևոր  է  ոչ  թե  այն, ինչ  քո կյանքում  տեղի  է  ունենում, այլ  այն, թե  ինչպես  ես  դու  դա օգտագործում…
Գիտեմ, որ  երբեմն մեկ  բառը, մեկ  քայլը  կարող  է  փոխել  ամեն  ինչ, բայց  նաև  գիտեմ, որ  շատ  հաճախ  մենք  այդպես  էլ  այդ  քայլը  չենք  անում…

12.12.2011

Ուսանող լինելը «ՊՐԵՍՏԻ՞Ժ» է



Հայաստանը  աշխարհում  առաջին  տեղերից  մեկն  է  զբաղեցնում  ԲՈՒՀ  ավարտած բնակչության  քանակով: Իսկ երբևէ  մտածել  եք  ինչո՞վ  է  պայմանավորված կրթության  նման  պահանջարկը  մեր  հասարակությունում:
Կրթություն  ստանալու  նման  ձգտումը  կարելի  է  բացատրել այն  հանգամանաքով, որ  հայ  հասարակության  համար  կրթությունը  կարևորագույն  արժեք  է: Այն  անհրաժեշտ  է  պետության  ամրապնդման  ու զարգացման  համար  մտավոր  ներուժով  հարուստ  հասարակություն  ունենալու, մշակութային  արժեքները  ու  գիտական  ձեռքբերումները  պահպանելու  և սերունդներին  փոխանցելու,  հայրենիքին  նվիրված  քաղաքացիներ  կրթելու  համար:

05.12.2011

Շատ բարդ բաներ…



Չկա  մի  մարդ, ով  փոքր  ժամանակ  մտածած  չլինի, որ մեծահասակները  իրեն  չեն  հասկանում: Նրանք  ունեն  իրենց  այլ  աշխարհը,  մեծերի  աշխարհը,  որը  մագնիսի  պես  մեզ  ձգում  էր: Եվ  մենք ունեինք  միայն  մեկ  «երազանք», որքան  հնարավոր  է շուտ  մեծանալ, չէ՞  որ  մեզ  թվում  էր,  որ  միայն  այդ  դեպքում  կունենաք մեր  ազատությունը  արդեն  ՄԵՐ  մեծերի  աշխարհում:
Եվ  ահա  մենք  մեծանում  ենք, աստիճանաբար, ամեն  մի  նոր  իրադարձության  հետ,  ամեն  նոր  օրվա  հետ…առաջին  սիրահարվածության, առաջին երջանկության  և  առաջին  տխրության  հետ…մեծանում  ենք  ամեն  օրվա  փորձի  հետ: Մենք  ապրելով  մեր  կյանքի  ամեն  մի  օրը, չենք  էլ  նկատում,  թե  այդ  օրը  ինչպես  մեզ  մեկ  օրով  ևս  հեռացրեց  մեր  մանկությունից` իր  հետ  տանելով  ևս  մեկ չիրականացած երազանք:

24.11.2011

Իսկ մենք լռում ենք...


Երբեմն  լինում  են  պահեր, երբ  չենք  ուզում  ոչ  մի  բան  պարզել,  չենք  ուզում  լուծման  տարբերակներ  փնտրել  ու  որոշումներ  կայացնելպարզապես  կարիք  ունենք  լսելու  մի  քանի  հոգատար  բառ, բայց  մեր  շրջապատը  լռում  է, որովհետև  լռում  ենք  մենքՄենք  լռում  ենք,  երբ  շփոթված  ենք, լռում  ենք, երբ  բարկացած  ենք, երբ  վախեցած  ենք, երբ  չգիտենք  ինչ  ասել  և  ինչ  անելԼռում  ենք,  երբ  մեր  դիմացինը  մեր  խոսքերի  կարիքը  ունի, որովհետև  այդ  ժամանակ  չենք  գտնում համապատասխան  բառեր, ասես  կորցնում  ենք  խոսելու  ունակությունըԼռում  ենք,  երբ  նոր  առավոտ  է  բացվում, նոր  հնարավորություններով  լի  օր  է  սկսվում, երբ  մենք  իրար  այդքան  շատ  բան  ունենք  ասելու:

21.11.2011

Դու կաս, նույնն է, թե չկաս…


Նա  քեզ  չի  սիրում, նա  պարզապես  քեզանից  նամակի  է  սպասում: Նա  քո  սիրուց չի  խելագարվում,  պարզապես  չի  հեռանում  համակարգչի  մոտից  և  մեկ  ժամվա մեջ  20  անգամ  ստուգում  է  էլեկտրոնային  փոստարկղը, որպեսզի  սրտի  կանգ առած  զարկերով  տեսնի  այդքան  դաժան  «դուք  նոր  նամակ  չունեք»  բառերը: Այդ պահին  նրա  բոլոր  զգացմունքներն  ու  երազանքները  միախառնվելով  դառնում  են հուսահատության  մի  ծանր  քար  ու  անդունդից  գլորվում  ցած, որպեսզի  մի  քանի րոպե  հետո  հույսի  թևեր  առած  վեր  բարձրանան  ու  նրան  նորից  ստիպեն ստուգել  փոստարկղը…Եվ  ահա, վերջապես  «դուք  ունեք  1  չընթերցված  նամակ» : Ի՞նչ  կա  այդքան  երկար  սպասված  նամակի  մեջ:  Իհարկե  ոչինչ…ընդամենը  մի քանի  բառ,  մի  քանի  ծիծաղելի  ու  հիմար  բառ,  մի  քանի  սառը  և  անտարբեր բառ`  համեմված  արդեն  ոչ  մի  նշանակություն  չունեցող  դատարկ  սմայլիկներով:
Իսկ  նրա  համար  այդ  նամակը  ունի  նույն  նշանակությունը,  ինչ  արևը  ծաղիկների  համար, ինչ  թթվածինը  մարդու  համար: Բայց, եթե  անկեղծ, նրա համար  քո  նամակը  ունի  նույն  նշանակությունը,  ինչ  թմրանյութը  թմրամոլի համար…

16.11.2011

Փնտրում ենք մեր ՄԻԱԿԻՆ


Ասում  են ` մեզանից  յուրաքանչյուրը  հրեշտակ  է  միայն  մեկ  թևով  և  միայն  մեր կեսին  գտնելով  և  մեկ  ամբողջ  դառնալով  մենք  կարող  ենք  թռչել….Եվ  գուցե  դա  է  պատճառը, որ  ամբողջ  կյանքում  չենք  դադարում  փնտրել  այն  ՄԻԱԿԻՆ,  ում  հետ  կկարողանանք  թռչել…
Այդ  փնտրտուքը  ամեն  մեկը  իր  ձևով  է կոչում,  իր  ձևով  փնտրում  և  իր  ձևով  երազում  ու  սպասում…
Փնտրում  ենք  այն  միակին, ով  մեր կյանքին, կյանքի  ամեն  մի  վայրկյանին  իմաստ  կտա…
Արթնանում  ենք  առավոտյան, խմում  սրդեն սովորական  դարձած  սուրճը  կամ  թեյը: Գնում  ենք  աշխատանքի  կամ  դասի, կամ  էլ ընդհանրապես  ոչ  մի տեղ  չենք  գնում, մնում  ենք  տանը`մենք  ու  մեր  համակարգիչը: Կանգնում  ենք  հերթերում,  խոսում  ենք  հեռախոսով, անընդհատ  ինչ-որ  տեղ  ենք  շտապում, ուշանում  ենք, հազար  ու  մի  գործ ունենք  անելու….հաճախ  մենք  էլ  չենք  հասկանում  ու՞ր  ենք  շտապումինչի՞  համար: Մեզանից շատերը  երազում  են լավ  կրթություն  ստանալ  և  վեր  բարձրանալ  մասնագիտական  աստիճանով, մյուսները`  ընտանիք  կազմել  և  երեխաներ  ունենալ, իսկ  շատերն  էլ  պարզապես  կյանքն  են  վայելում  առանց  վաղվա  օրվա  մասին  մտածելու...բայց   նույնիսկ  այդ  քաոսի  մեջ հոգու  խորքում  մենք  անընդհատ  փնտրում  ենք…
այն  միակին, ով  մեզ  ամեն  օր  ոչ  միայն  ժպտալու  և  երջանիկ  լինելու  առիթ  կտաայլև  մեր  կյանքը  կլցնի  լույսովջերմությամբ  և  հանգստությամբ

12.11.2011

Իջավ ճերմակ հանդարտություն…



 Ձյունը գալիս է դանդաղ, ձյունն իր երգն է երգում,
Ձյունը իջնում է թեթև, ձյունն իր հեքիաթն է պատմում:
Սպիտա'կ ձյուն, իմ ճերմակ քնքշություն,
Սպիտա'կ ձյուն, իմ ճերմակ մանկություն....
Արծաթե թիթեռնիկներ, պոկված կապույտ հեքիաթներից,
Թևածելով իջան ներքև, երգով լցրին քաղաքը ծեր,
Ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն......

10.11.2011

Իսկ ՎԱՂԸ մենք կսովորե՞նք գնահատել այսօրը…



Մենք  ուզում  ենք  հասնել  այն  ամենին,  ինչը  անհասանելի  է  թվում,  ուզում  ենք ինքնուրույն  որոշումներ  կայացնել,  ուզում  ենք  ցույց  տալ  բոլորին,  որ  կարող  ենք,  որ  ուժեղ  ենք,  որ  անում  ու  ասում  ենք  այն,  ինչը  ինքներս  ենք ցանկանում…Ինքներս  էլ  չգիտակցելով  ապրում  ենք  «վաղվա  հետևից  վազք» կոչվող  իրականությունում: Ինչի՞  է  նման  մեր  այս  անվերջանալի  վազքով  լի կյանքը: Մենք  երազում  ենք  ընդունվել  համալսարան… ընդունվում  ենք,  սովորում, ավարտում…ու  այդպես  էլ  չհասկանալով,  թե  ե՞րբ  հասցրեց  վերջանալ  մեր կյանքի  այդ  փուլը  ևս:
Մենք  աշխատում  ենք,  վազվզում  առավոտից  երեկո,մեր միակ  նպատակն  է  որքան  հնարավոր  է  վերև  բարձրանալ  կարիերայի աստիճանով: Մենք զբաղված  ենք,  ժամանակ  չունենք: Բայց  վստահ  ենք,  որ  դեռ կհասցնենք,  դեռ  կհասցնենք  ապրել  մեր  կյանքի  ամեն  մի  վայրկյանը,  կհասցնենք սիրել  ու  սիրվել, կհասցնենք  երջանիկ  լինել: Եվ  այս  հասցնելու  ու  չհասցնելու քաոսում  մենք  կորցնում  ենք  այսօր  մեր  ունեցածը  գնահատելու  ունակությունը:

07.11.2011

Վախենում եմ…



Ես  վախենում  եմ…
Վախենում  եմ  մոռանալ  ինձ…
Վախենում  եմ  մոռանալ  այն  օրերը, երբ  ես  անկեղծ  էի, բաց  էի  աշխարհի  ու մարդկանց  համար…
Վախենում  եմ,  որ  տարիներ  հետո  իմ  աչքերում  հավատ  չի  լինի,  իմ  սրտում  մարդկանց  հանդեպ  վստահություն  էլ  չի  մնա…
Վախենում  եմ,  որ կդադարեմ  երազել,  կսկսեմ մարդկանց  լավ  ճանաչել  և  կկորցնեմ  ինձ  «մեծերի  կյանք»  կոչվող  անիմաստ  և  դատարկ  աշխարհում…
Ես  շատ  եմ  վախենում,  որ  մարդկանց  ճանաչելուց  հետո  զգացմունքներին  կսկսեմ  նայել  որպես  վաճաքի  հանվող  առարկաներ ,  որոնցից  յուրաքանչյուրը  ունի  իր  արժեքը….

02.11.2011

Մանկություն…ետդարձի տոմսերը մեր սրտերում են….


Մանկություն…մեր  կյանքի  այն միակ  ժամանակաշրջանը, որը հիշելիս  բոլորիս  դեմքին  ժպիտ  է հայտնվում: Մանկություն, երբ մենք  կարող  էինք անկեղծ ուրախանալ, որ  մեր  ընկերը  իրեն նոր  «մեքենա»  կամ  «տիկնիկ»  է գնել,  չէ՞ որ  մենք  միասին  էինք դրանցով  խաղալու… Մանկություն, երբ լույսի  հանգչելու  հետ  մեր  սենյակը վերածվում  էր  արկածներով  լի  մի  իսկական  ամրոցի, ուր  ամեն անկյունում  հրեշներ  ու կախարդներ էին թաքնված…Մանկություն, երբ  մեր  երազանքը  կարող  էր լինել  շոկոլադե  մեծ  տնակը, ուր ամեն-ամեն  ինչը  շոկոլադից  կլիներ  և  մենք կկարողանայինք  այնտեղ  ապրել…
Մանկություն, երբ  մայրիկի  բարձրակրունկ  կոշիկները  հագնելը  մեզ  երջանիկ  էր  դարձնում, մեզ  երջանիկ  էր  դարձնում  «մեծ»  լինելու  միտքը,  իսկ  այսօր  մենք  առավոտից երեկո  այդքան  երազած  բարձրակրունկ  կոշիկներով ենք,  բայց  ամեն  ինչ  կտանք, որ  հետ դառնանք  մանկություն  և  ոտաբոբիկ  վազվզենք  ջրափոսերի  միջով:

31.10.2011

Բացատրություն ԿԱ և ՉԿԱ…


Իսկ  դուք  երբևէ  մտածե՞լ  եք,  որ  մեր  կյանքի  իմաստ  դարձած  զգացմունքը` ՍԵՐԸ  չունի  իմաստ…Սերը  ունի  բացատրություն,  բայց  միևնույն  ժամանակ  չունի  ոչ  մի բացատրություն…Երբևէ   փորձե՞լ  եք բառերով  բացատրել  սերը: Փորձել  եք  շատ  անգամներ,  բայց  ամեն  անգամ համոզվել  եք,  որ սերը  բացատրելու  համար  բառերը  շատ  խղճուկ, ծիծաղելի  և անհեթեթ  են… Սերը   դա  երջանկությունն է,  բայց  ինչո՞ւ  ենք  մենք  այդքան  հաճախ  սիրո  պատճառով  մեզ  դժբախտ  համարում…
Սերը  վստահություն  է, սակայն  ինչո՞ւ,  երբ  մենք  սիրում  ենք  շատ  հաճախ  չենք  վստահում ու  խանդում  ենք…

26.10.2011

Երջանկությունը չունի բանաձև



- Այդ  ի՞նչ  է  ձեռքերիդ  մեջ:
- Երջանկություն:
- Իսկ  ինչո՞ւ է  այն  այդքան  փոքր:
- Որովհետև, երբ երջանկությունը  մեր  ձեռքերում  է, այն  շատ  փոքր  է  թվում, և միայն  կորցնելուց  հետո  ենք  մենք  հասկանում  նրա  իրական  արժեքը….
 Ի՞նչ  է  երջանկությունը: Ո՞րն  է  երջանիկ  լինելու  գաղտնիքը: Թվում  է,  թե  բոլորս գիտենք  այս  հարցերի  պատասխանները: Միացնում  ենք  հեռուստացույցը,  թերթում  ամսագրերը,  ամենուր  խոսվում  է  երջանկության  բանաձևերի  ու երջանկության  մեխանիկայի  մասին….հոգեբանները,  աստղերը  պատրաստ  են անվերջ  խոսել  երջանկության  շուրջ, կիսվել  ուրիշների  հետ  ԻՐԵՆՑ  երջանկության  գաղտնիքներով: Բայց,  եթե  մի  պահ  լռեցնենք  նրանց  և  տանք ընդամենը  մի  պարզ  հարց` «Իսկ  դու  ե՞րբ  ես  երջանիկ»,  հնարավոր  է  և  չստանանք  պատասխան: Այո,  մարդիկ  չունեն  այս  հարցի  պատասխանը,  և  երբեք էլ  չեն  ունեցել,  որովհետև  նրանք  երբեք  լիարժեք  երջանիկ  չեն  եղել: Մեծերից մեկը  ասել  է` երջանկությունը  նման  է  գլորվող  գնդակի,  ինչքան  մոտենում  ես նրան,  դիպչում,  այնքան  այն  ավելի  հեռու  է  գլորվում…

24.10.2011

Մեր օրերի պարադոքսները


Վերջերս   կարդացի  ամերիկացի  երգիծաբան   Ջորջ  Կառլինի  «Մեր  օրերի  պարադոքսները»  (George  Carlin, "The  Paradox  Of  Our  Time")  հոդվածը, որը  հեղինակը  գրել  է  70-80-ական  թվականներին,  և  զարմացած  եմ,  թե  որքան   արդիական  է  հնչում  այն  մեր  օրերում: Հոդվածում  ամեն  մի  տողը   ասես  ներկայացնում  է  21-րդ  դարը  և  21-րդ  դարի  մարդուն,  ով  կարծես  թե ունի  ամեն  ինչ,  բայց  միևնույն  ժամանակ  չի  կարողանում իրեն  գտնել,  մարդուն,  ով  գիտի ` ինչպես   գոյատևել,  բայց  չգիտի  ինչպես  ապրել….Եվ այսպես հայերեն լեզվով  ներկայացնեմ  այդ  հրաշալի  հոդվածը,  որը  վստահ  եմ  շատերին  դուր  կգա .

22.10.2011

GLAMOUR –ը և Հայաստանը


«Гламурная армяночка»,  «Гламурный принц»,  «Гламурная» ….երևի  թե  բոլորդ  էլ սոցիալական  ցանցերում  հանդիպած  կլինեք  նման  անուններով  հայերի: Հայաստան  գլամուրը  մուտք  է  գործել  վերջին  տարիներին: Մեր  երկրում  ամենուր և  անընդհատ  քննարկվում  ու   տեղի-անտեղի  կրկնվում  է  «գլամուր»  բառը: Երևան քաղաքում  գլամուրն  անասելի  պահանջարկ  ունի, գրեթե  յուրաքանչյուր երիտասարդ  հնարավորություն  ունի  կրել  համաշխարհային  (կեղծ) ապրանքանիշերի  հագուստ,  կոշիկներ  և  ակնոցներ  (Chanel, ARMANI, D&G, Gucci, BURBERRY  և  այլն), օգտագործել  էլի  կեղծ,  բայց  ամենաթանկ  ապրանքանիշի մոդելի  հեռախոսներ  և  համարել  իրեն  գլամուրային: Բոլորը  կարծում  են,  որ  եթե իրենք  իրենց  անվանում  կամ  համարում  են  գլամուրային,  ապա  դա  այդպես  է: Բայց  այդ  գլամուր  մասսայից  միայն  շատ  քչերը  գիտեն  թե  ինչ  է  իրականում գլամուրը:

«Գլամուր» բառը, անգլերենից  թարգմանությամբ  «ճոխություն»,  «փայլ»,  «հմայք», դեռ  հնարավոր  չէ  գտնել  ոչ մի բացատրական բառարանում, բայց այն գիտեն բոլորը:
Գլամուրը  գրավել  է  ողջ  աշխարհը:  Գլամուր  է  Փարիզում,  Նյու Յորքում, Մոսկվայում...Երևանում:  Գլամուրը  օրեցօր  գրավում  է  մարդկանց  ավելի  լայն զանգվածների:  Իսկ  ի՞նչ  է  նշանակում  գլամուր: Կարելի  է  ենթադրել, որ  այն գլոբալիզացված  աշխարհի  մի  մասնիկն  է  բոլոր  այս  երկրներում: Բայց  ոչ: Գլամուրը  որպես  երևույթ  նոր  չէ,  այն  գոյություն  է  ունեցել  քաղաքակրթության  զարգացման  գրեթե  բոլոր  փուլերում, միայն  թե  տարբեր  անուններով:  Ինչպես հայտնի է` ցանկացած  նորը  դա  լավ  մոռացված  հինն  է: Գլամուրը  ևս բացառություն  չէ: Գլամուրը  այսօր  բացի  հագուստի  ոճից  համարվում  է  նաև կենսաոճ: Եվ  դրանով  այն  շատ  նման  է  «կոմիլֆոին»  (ֆրանս. comme  il  faut- ինչպես  հարկավոր  է): Դա  18-րդ  դարում  ընդունված  վարքի  ձև  էր: Այդ  վարքի ձևը  իր  մեջ  ներառում  էր  իրեն  հատուկ  հագուստի  ոճը,  վարքի  կանոնները, յուրահատուկ  մտածելակերպը:

21.10.2011

Copy – խայտառակ թարգմանություն – Paste



Հայկական հեռուստատեսություն , գեղեցիկ  է  հնչում, այդպես  չէ՞: Սակայն  այդ  գեղեցկության  հետևում  ոչ այնինչ  է, քան  մեկ  պարզ  մեխանիզմ ` Copy – թարգմանություն – Paste:  Ի՞նչ  էինք  անելու  մենք,  եթե չլինեին  արտասահմանյան  սերիալները  և հեռուստահաղորդումները:  Երևի  ընդհանրապես  հեռուստատեսություն  չունենայինք….սակայն  ավելի  լավ  է  չունենայինք,  քան  ունենայինք  այն, ինչ ունենք  այսօր ` օտարերկրյա  բարքերով  ու  օրենքներով ողողված  սերիալներ,  մեր  հասարակության  մտածելակերպին  անհամապատասխան  և  հայերի  հետ  ընդհանուր  ոչինչ  չունեցող  ոչ  բարով  թարգմանված  հաղորդումներ:  Այսօր  առանձնացրել  եմ  մեր  հեռուստաարտադրության  գլխավոր  copy- ներից  մի  քանիսը,  որոնք  ամեն  օր,  նույնիսկ  օրը  մի քանի  անգամ  «ծաղկեցնում  են»  մեր  եթերը  և  լցնում  մեր  օրը:
  • Առաջինը  ուզում  եմ  խոսել  ATV  հեռուստաընկերության  եթերում   հեռարձակվող  «Արի  ամուսնանաք  կամ  խնամախոս»    և  Ռուսաստանի առաջին  ալիքով   «Давай поженимся»  հաղորդումների  մասին: Այս  հեռուստաշոուի  հայկական  տարբերակը  պարզապես  ծաղր  է:

20.10.2011

Փակ աչքերից ներս


Իրականության  հետ  բախումը  միշտ  էլ  տեղի  է  ունենում  այնքան  հանկարծակի,  և միևնույն  ժամանակ  այնքան  կանխատեսելի: Բայց  երբեք  չես  կարող  ասել,  թե ինչքան  ժամանակ  դեռ  պետք  է անցնի,  որ  համակերպվես  այդ  իրականության  հետ:  Մանկական  երազանքներ, պատանեկան  հույսեր, անվերջանալի  վստահություն,  որ երիտասարդությունը  կյանքի  ամենահիանալի  և ամենագեղեցիկ  ժամանակահատվածն  է,  որը  շարունակ  պնդում  են  նրանք,  ովքեր  վաղուց  հրաժեշտ  են  տվել  նրան,  և  իհարկե  անխափան  հավատ  դեպի  պայծառ  ապագան: Իսկ  հետո՞:  Հետո  հաղթահարելով  երազանքների  և  հույսերի  սահմանը, դու հասկանում  ես, որ  կյանքը  լի  է  փորձություններով  և  ինչպես   դու  լի  է  մանկությունից  ոգեշնչված կեղծ  իդեալներով : Հասկանում  ես ,  որ  այն  ամենը, ինչում   քեզ  հավատացրել  էին ,  խաբկանք  է,  իսկ  սիրելի  գրքերը  ընդամենը  իդեալական  աշխարհի  մասին  հորինվածք:

19.10.2011

Մեր կյանքի աստիճանը


Մեզանից  յուրաքանչյուը  յուրօրինակ,  ամբողջական  և  մյուսներից  տարբերվող աշխարհ  է, փոքրիկ  տիեզերք, որն  ունի  իր  մոլորակները, իր  արևը  և  իր  աստղերը: Եվ  այդ  տիեզերքում  մեզանից  յուրաքանչյուրը  ունի իր  անվերջանալի երկար  աստիճանը, որի  միջոցով  շարժվում  է: Ինչ-որ մեկի  մոտ  այդ  աստիճանը իրենից  ճանապարհ  է  ներկայացնում, որ կառուցված է ամուր  և  որակյալ, բայց չգիտես  ինչու  աստիճանի  «տերը»  առանձնապես ցանկություն  չունի  այդ  աստիճանով  բարձրանալու: Իսկ ինչ- որ մեկի  մոտ էլ այդ աստիճանը  այնքան փխրուն  և  անկայուն  է, որ  ամբողջ կյանքի  ընթացքում   շարժմանը  զուգահեռ   պետք  է  այն  «նորոգել»: Բայց  այդ  աստիճանով  բարձրացողը  ավելի լավ գիտի աստիճանի  արժեքը, նա  գնահատում է աստիճանի ամեն մի հարթակը, և շատ հաճախ ավելի  վեր է բարձրանում, քան ամուր աստիճանով շարժվողները:
Յուրաքանչյուրիս  աստիճանը  ունի  այնքան  հարթակներ,  որքան  մենք ենք ցանկանում, աստիճանը ներկված  է  այն  գույնով,  որով ցանկանում  ենք:

18.10.2011

Ֆեյսբուքյան «իմաստուն» հարցեր (Մաս 1)

Կար ժամանակ, երբ մենք Ֆեյսբուք աշխարհում հանգիստ էինք, մենք խաղաղ էինք մեր լեռների պես )))….և ահա, չգիտես որտեղից մեր գլխին որպես պատուհաս թափվեցին ֆեյսբուքյան հարցերը: Եվ այդ օրվանից մենք չունենք հանգիստ, մեզ ամենուր հետևում է մեր հարցասեր հասարակությունը: Իսկ ես մասնագիտությամբ լինելով սոցիոլոգ, էլ ավելի  «ծանր»  եմ տանում այդ հարցերի գոյությունը: Չեք էլ պատկերացնի, թե ինչքան բարդ աշխատանք է հարցաշար կազմելը, ամեն հարց քանի չափանիշներով է դիտարկվում:

17.10.2011

Online ՍԵՐ


Մենք չենք գտնում բառեր և դրանք փոխարինում ենք սմայլիկներով, վախենում ենք խոստովանել մեր զգացմունքները և ուղղարկում ենք վիրտուալ սրտիկներ: Online ստատուսին այնպես ենք արձագանքում, ասես այդ մարդը մեր կողքին է և այլևս չենք մտածում ctrl+enter ստեղները սեղմելիս, քանի որ մեր մատները իրենք են հիշում այդ կոմբինացիան: Բառերի փոխարեն ուղարկում ենք հղումներ, որոնցում ամեն ինչ արդեն ասված է: Մարդկանց ճանաչում ենք ըստ իրենց ICQ ստատուսների և կատարած հղումների` մոռանալով, որ սա ընդհամենը վիրտուալ աշխարհ է: Աշխարհ, որտեղ ժպիտը այլևս ոչինչ չի նշանակում…աշխարհ, որտեղ կարելի է ասել «Ամեն ինչ լավ է», և քեզ կհավատան: Ամեն առավոտ մենք գնում ենք աշխատանքի կամ դասի`անհամբեր սպասելով որևէ հնարավորության` նորից հայտնվելու այդ աշխարհում: Աշխարհ, որը ստեղծում ենք մենք ինքներս…աշխարհ, որտեղ ընկերները ընդամենը «friends» ցուցակ են, և մարդուն կարելի է ջնջել մեր կյանքից Delete թեթև սեղմամբ…
Featured
Most Popular
Featured

Follow

Videos