29.12.2012

Տարեմուտին...


Տարեմուտի այս օրերը միշտ նմանեցրել եմ սպասասրահում գտնվելուն, երբ դու սպասում ես, սպասում ես քո ներս մտնելու հերթին ու երբեք չգիտես, դռան այն կողմում ինչ կամ ով է քեզ սպասում...Եվ հիմա սպասասրահում նստած վերհիշում եմ իմ անցած ամբողջ տարին, ֆիլմի ժապավենի նման աչքերիս առաջ են հայտնվում ամբողջ տարվա բոլոր ուրախ և տխուր պահերը: Գիտեք, իսկ մենք միշտ նորը խնդրելիս մոռանում ենք շնորհակալ լինել արդեն ստացածի համար...Իսկ ես շնորհակալ եմ 2012 թվականից, շնորհակալ եմ, որ ձեռքբերումներս ավելի շատ էին քան կորուստներս, շնորհակալ եմ, որ ամբողջ տարվա ընթացքում շրջապատված եմ եղել հրաշալի մարդկանցով, շնորհակալ եմ, որ իմ կյանքում հայտնվեցին մարդիկ, ումից ես սովորելու շատ բան ունեմ և սովորում եմ, շնորհակալ եմ, որ գնահատված եմ, երջանիկ եմ, որ երազանքներս մեկը մյուսի հետևից իրականում են և երբ գալիս է երազանք պահելու պահը, երկար մտածում եմ ու հասկանում, որ իրականացած երազանքներս ավելի շատ են չիրակացածներից, և դա հրաշալի է  Հրաշալի է, երբ զբաղվում ես քո սիրելի գործով ու տեսնում դրա արդյունքները: Երջանկություն է ապրել սիրելի մարդկանց կողքին, տեսնել նրանց երջանկությունը: Երջանկություն է տեսնել, որ դու հուսախաբ չես արել քո ծնողներին և նրանք հպարտանում են քեզնով: Տխուր օրեր, հիասթափություններ նույնպես եղել են, էլ ինչ կյանք առանց դրա, բայց ձախորդ օրերը ձմռան նման կու գան ու կ'երթան...Այդ օրերից յուրաքանչյուրը իր հետ տարել է ինձնից մի մասնիկ, մարդկանց հավատալու կարողությունիցս մի կտոր...

21.12.2012

Ներիր ինձ, իմ հրեշտակ...



...Ինչո՞ւ մարդիկ չեն թռչում թռչունների պես, որովհետև նրանք թևեր չունեն՞...ո՜չ, թևերը մարդուն վեր չեն հանի: Ինչպե՞ս կարող է թռչել մի արարած, ով սովոր է սողալու, ինչպե՞ս կարող է թռչունի պես երկնքում ճախրել մի արարած, ով ընդունակ է սպանել իր նմանին,  նվաստացնել, ծաղրել, ստել,  կողոպտել, պատերազմել, ավերել, քանդել...Ոչ, մարդիկ չեն կարող թռչել, թևեր ունենալը հատուկ է միայն ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻՆ...Իսկ հրեշտակներին մարդիկ չեն նկատում...առօրյա մռայլության ու գորշության մեջ չեն նկատում նրանց լուսավոր դեմքերը, չեն նկատում ճերմակ-ճերմակ թևերը, որոնք նրանք փռում են իրենց սիրելի մարդու վրա ու պաշտպանում նրան չար հայացքներից...մարդիկ չեն նկատում հրեշտակներին, իսկ հրեշտակները չեն նեղանում դրանից, նրանք կուչ են գալիս մարդկանց անտարբերությունից ու խնամքով թաքցնում թևերը, թևերը, որոնց վրա մարդիկ կանգնում են իրենց կեղտոտ ոտքերով...իսկ նրանք չեն նեղանում, միայն վախենում են ցավից, որ մարդիկ պատճառում են իրենց...

03.12.2012

Հենց այսպես էլ ապրում ենք Ֆեյսբուքում...


Արեւմտյան երկրներում մարդը, իր մասին պատմելու փոխարեն, տալիս է սեփական բլոգի կամ որևէ սոցիալական ցանցում իր էջի հասցեն, որտեղ ներառված են նրա քաղաքական հայացքները, անձնական մոտեցումներն այս կամ այն խնդրին: Արեւմտյան մարդուն շրջապատողներն առավել մեծ հետաքրքրությամբ կարդում են իրենց ընկերոջ բլոգը, քան հետեւում ամենօրյա լրատվությանը:
Այսօր արդեն վստահաբար կարելի է ասել, որ նույն միտումները նկատվում են մեզ մոտ: Մենք նույնիսկ մեր ամենամոտ ընկերների մասին ավելի շատ բան ենք իմանում սոց. ցանցերից, քան իրական շփումներից: Դժվար չէ տեսնել, որ ինտերնետի վիրտուալ աշխարհը փորձում է ապրել իր կանոնների համաձայն, չնայած դրա գործունեության ոլորտները բավական ճիշտ կրկնօրինակում են իրական աշխարհը:
Featured
Most Popular
Featured

Follow

Videos