Ասում են մարդու կյանքը պատկերված է ձեռքի ափի մեջ ամեն մի գիծը իր յուրահատուկ նշանակությունն ունի, ամեն մի գիծ իր պատմությունն ունի, իր ներկան ու իր անցյալը: Այ այս մեկը, նայիր, ասում են դա երազանքի գիծն է, տես ինչ երկար է`ամբողջ ափով մեկ ձգվում է, որովհետև երազանքներս շա՜տ են, անթիվ ու անհամար...Այս մեկը կյանքիս որոշումների գիծն է, այն այնքան էլ ուղիղ չէ, տես, այստեղ փոխել է ուղությունը, երևի տատանվել եմ, որոշել եմ ու հետ եմ կանգնել որոշումիցս...
Մարդու ափի մեջ ոչ մի գիծ պատահական չէ, ասում են, եթե ուշադիր նայես, կգտնես ծննդյան թիվը, օրը, ժամը, սիրելի մարդկանց, կյանքի կարևորագույն իրադարձությունները, տխրությունն ու ուրախությունը, ձեռքբերումներն ու կորուստները: Մարդու ափի մեջ է նրա ՃԱԿԱՏԱԳԻՐԸ...Նայիր սա ես եմ, իսկ սա էլ դու...բայց մեր գծերը դեռ հեռու են իրարից, նայիր իմ գիծը ձգվել է դեպի քեզ, իսկ դու՞...դու թեքվել ես՞, շատ կարճ է քո գիծը, անվստահ...բայց նայիր երբ փակում եմ ձեռքս, բռունցք դարձնում` մեր գծերը հանդիպում են: Իզուր չեն ասում` մարդու սիրտը իր բռունցի չափ է, տես մեր գծերը հանդիպում են «սրտիս» մեջ...Բռնիր ձեռքս, այնտեղ դու ես, այնտեղ իմ կյանքն է....Բռնիր ու երբեք բաց մի թող...