18.03.2013

Բարձրախոսին բարձրախոս տվե´ք, նա մեզ այնքա՜ն ասելու բան ունի


Անջատե´ք բոլոր բարձրախոսներն աշխարհի, անջատե´ք, լռեցրեք այս աղմուկը, կտրեք այդ մեծամիտների ձայնը, անջատեեեեեք...ու լռության մեջ կտեսնեք, թե  քանի՞ միտք տեղ կհասնի, քանի՞ բա..ռ ծնունդ կառնի ձեր ճարտար լեզվի վրա ու կյանք կստանա դուրս գալով ձեր բերանից...շատ քիչ, որովհետև մենք չենք սիրում ցածր խոսել, մենք սիրում ենք գոռալ մեր մտքերը, բարձր, որքան հնարավոր է բարձր գոռալ, սուտ խոստումներ, կեղծիք, սուտ, սուտ...ասում են` սուտը պետք է բարձր գոռալ, որ հավատացողները շատ լինեն: Իսկ ստին կյանք տալ է օգնում բարձրախոսը, սեփական կարծիքը չունեցող ու ուրիշի մտքերը կրկնող այդ անլեզու էակը: Իսկ նա այնքա՜ն կուզեր սեփական մտքերն ունենալ, ձեր դատարկ բառերի փոխարեն սեփական բառերը մարդկանց հասցնել, լսում եք՞, ձերը չէ, իր ՍԵՓԱԿԱՆԸ...

Բարձրախոսին բարձրախոս տվեք, նա էլ է ուզում խոսել, նա մեզ այնքա՜ն ասելիք ունի...Նա հոգնել է ձեր ստերը բարձրաձայնելուց, այլևս չի կարողանում մարդկանց աչքերին նայել, ձեր տեղ նա է ամաչում: Նա չի ուզում արցունքն աչքերին թոշակառուին ստել, որ թոշակը կբարձրանա, նա այլևս չի ուզում սեփական ժողովրդին խաբել, նրանց հույսի վրա ձայներ շահել, բարձրախոսը հոգնել է, հասկացե´ք, նա չի կարող նայել երիտասարդների հավատով լի աչքերին ու ասել, որ այս անգամ ամեն ինչ լավ է լինելու, որ նոր աշխատատեղեր կստեղծվեն, որ նրանք ապահով կյանք կունենան սեփական երկրում, հայրենի հողի վրա:

02.03.2013

Թելը...


Երբևէ մտածել եք` ի՞նչն է ամենակարևորը մարգարտե վզնոցում, եթե մտածում եք մարգարիտը, սխալվում եք, ճիշտ է, այդ ճերմակ, փայլուն ու գեղեցիկ մարգարտահատիկները կարևոր են, բայց ոչ այնքան, որքան այն թելը որի վրա հավաքված են դրանք: Մի պահ պատկերացրեք թելը կտրվեց...մարգարտի հատիկները մեկը մյուսի հետևից կընկնեն հատակին, կգլորվեն, կկորեն ու էլ չկա գեղեցկություն, չկա վզնոցը...Եվ եթե անգամ փորձեք դրանք հավաքել, ձեռքերը քերծելով ու եղունգները կոտրելով հատակի փայտերի արանքներից հանել բոլոր հատիկները ու նորից վզնոցը հավաքել, միևնույն է, չեք կարողանա դա անել, չեք կարողանա նախկին շքեղ տեսքը ստանալ, չի ստացվի բոլոր հատիկները գտնել, գտածներն էլ քերծված ու փոշոտված են...

Արցունքները կաթում են ձեռքիդ մեջ հավաքված մարգարտահատիկների վրա, մաքրելով դրանք, ու հիշեցնելով այդքան թանկ նվերիդ երբեմնի ճերմակ փայլի մասին...իսկ թելը՞, ո՞ւր է թելը, մարգարտահատիկները հավաքելուց դու չհիշեցիր էլ թելի մասին, բայց չէ՞ որ ամենակարևորը հատիկները պահող թելն էր: Հիշեք կյանքում ամենակարևորը ԹԵԼՆ Է, թելը որի վրա հավաքվում են ձեր կյանքի մարգարտահատիկները, բայց ո՞վ  է հիշում դրա մասին...

26.02.2013

Շատ բարդ բաներ...

Ժամանակակից մարդը ոչ այնինչ է, քան սխալների մի մեծ գունդ, մեծ ու փոքր, հին ու նոր սխալների կծիկ, սխալներ, որոնք կապում են նրա ձեռքերն ու ոտքերը, կուրացնում աչքերն ու միտքը: Փոքր սխալերը, որոնք այսօր ոչինչ են թվում,  վաղը կդառնան ջրախեղդ լինողի վզից կախված ծանր քար...Իսկ որտե՞ղ ենք մենք սխալվում...
Մեր առաջին ու ամենամեծ սխալը սեփական անձի գերարժեվորումն է:Չգիտես ինչու,մեզ թվում է, որ անփոխարինելի ենք, միակ ու անկրկնելի, որ աշխարհն առանց մեզ չի կարող, կյանքը կանգ կառնի, մեզ սիրող մարդիկ առանց մեզ չեն ապրի:

29.12.2012

Տարեմուտին...


Տարեմուտի այս օրերը միշտ նմանեցրել եմ սպասասրահում գտնվելուն, երբ դու սպասում ես, սպասում ես քո ներս մտնելու հերթին ու երբեք չգիտես, դռան այն կողմում ինչ կամ ով է քեզ սպասում...Եվ հիմա սպասասրահում նստած վերհիշում եմ իմ անցած ամբողջ տարին, ֆիլմի ժապավենի նման աչքերիս առաջ են հայտնվում ամբողջ տարվա բոլոր ուրախ և տխուր պահերը: Գիտեք, իսկ մենք միշտ նորը խնդրելիս մոռանում ենք շնորհակալ լինել արդեն ստացածի համար...Իսկ ես շնորհակալ եմ 2012 թվականից, շնորհակալ եմ, որ ձեռքբերումներս ավելի շատ էին քան կորուստներս, շնորհակալ եմ, որ ամբողջ տարվա ընթացքում շրջապատված եմ եղել հրաշալի մարդկանցով, շնորհակալ եմ, որ իմ կյանքում հայտնվեցին մարդիկ, ումից ես սովորելու շատ բան ունեմ և սովորում եմ, շնորհակալ եմ, որ գնահատված եմ, երջանիկ եմ, որ երազանքներս մեկը մյուսի հետևից իրականում են և երբ գալիս է երազանք պահելու պահը, երկար մտածում եմ ու հասկանում, որ իրականացած երազանքներս ավելի շատ են չիրակացածներից, և դա հրաշալի է  Հրաշալի է, երբ զբաղվում ես քո սիրելի գործով ու տեսնում դրա արդյունքները: Երջանկություն է ապրել սիրելի մարդկանց կողքին, տեսնել նրանց երջանկությունը: Երջանկություն է տեսնել, որ դու հուսախաբ չես արել քո ծնողներին և նրանք հպարտանում են քեզնով: Տխուր օրեր, հիասթափություններ նույնպես եղել են, էլ ինչ կյանք առանց դրա, բայց ձախորդ օրերը ձմռան նման կու գան ու կ'երթան...Այդ օրերից յուրաքանչյուրը իր հետ տարել է ինձնից մի մասնիկ, մարդկանց հավատալու կարողությունիցս մի կտոր...

21.12.2012

Ներիր ինձ, իմ հրեշտակ...



...Ինչո՞ւ մարդիկ չեն թռչում թռչունների պես, որովհետև նրանք թևեր չունեն՞...ո՜չ, թևերը մարդուն վեր չեն հանի: Ինչպե՞ս կարող է թռչել մի արարած, ով սովոր է սողալու, ինչպե՞ս կարող է թռչունի պես երկնքում ճախրել մի արարած, ով ընդունակ է սպանել իր նմանին,  նվաստացնել, ծաղրել, ստել,  կողոպտել, պատերազմել, ավերել, քանդել...Ոչ, մարդիկ չեն կարող թռչել, թևեր ունենալը հատուկ է միայն ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻՆ...Իսկ հրեշտակներին մարդիկ չեն նկատում...առօրյա մռայլության ու գորշության մեջ չեն նկատում նրանց լուսավոր դեմքերը, չեն նկատում ճերմակ-ճերմակ թևերը, որոնք նրանք փռում են իրենց սիրելի մարդու վրա ու պաշտպանում նրան չար հայացքներից...մարդիկ չեն նկատում հրեշտակներին, իսկ հրեշտակները չեն նեղանում դրանից, նրանք կուչ են գալիս մարդկանց անտարբերությունից ու խնամքով թաքցնում թևերը, թևերը, որոնց վրա մարդիկ կանգնում են իրենց կեղտոտ ոտքերով...իսկ նրանք չեն նեղանում, միայն վախենում են ցավից, որ մարդիկ պատճառում են իրենց...

03.12.2012

Հենց այսպես էլ ապրում ենք Ֆեյսբուքում...


Արեւմտյան երկրներում մարդը, իր մասին պատմելու փոխարեն, տալիս է սեփական բլոգի կամ որևէ սոցիալական ցանցում իր էջի հասցեն, որտեղ ներառված են նրա քաղաքական հայացքները, անձնական մոտեցումներն այս կամ այն խնդրին: Արեւմտյան մարդուն շրջապատողներն առավել մեծ հետաքրքրությամբ կարդում են իրենց ընկերոջ բլոգը, քան հետեւում ամենօրյա լրատվությանը:
Այսօր արդեն վստահաբար կարելի է ասել, որ նույն միտումները նկատվում են մեզ մոտ: Մենք նույնիսկ մեր ամենամոտ ընկերների մասին ավելի շատ բան ենք իմանում սոց. ցանցերից, քան իրական շփումներից: Դժվար չէ տեսնել, որ ինտերնետի վիրտուալ աշխարհը փորձում է ապրել իր կանոնների համաձայն, չնայած դրա գործունեության ոլորտները բավական ճիշտ կրկնօրինակում են իրական աշխարհը:

10.11.2012

Խառը մտքեր...

Իսկ դուք փոքր ժամանակ խաղաքարտերով «տուն» շարե՞լ եք: Երբ շարելուց ամեն մի քարտը մեկի վրա եք դրել զգույշ, խնամքով և նույնիսկ շունչը պահած, որ հանկարծ չքանդվի, որ հնարավոր լինի էլ ավելի բարձրանալ, հնարավոր լինի հաջորդ հարկն էլ շարել...Զգույշ, միայն չփլվես, խնդրում եմ...Իսկ վեր բարձրանալու համար պետք էր համբերություն, զգուշություն, հավատ ու կամք... Իսկ կյանքո՞ւմ: Կյանքում այդ տունը կառուցել եք՞: Քարը քարին դրել ե՞ք զգույշ, համբերատար, չփլվելու հույսը սրտում:   Երազանքներով, հույսով, ապագայի պլաններով կառուցված այդ տունը խաղաքարտերի տնից շատ քիչ է տարբերվում:
Featured
Most Popular
Featured

Follow

Videos