Հայաստանը աշխարհում առաջին տեղերից մեկն է զբաղեցնում ԲՈՒՀ ավարտած բնակչության քանակով: Իսկ երբևէ մտածել եք ինչո՞վ է պայմանավորված կրթության նման պահանջարկը մեր հասարակությունում:
Կրթություն ստանալու նման ձգտումը կարելի է բացատրել այն հանգամանաքով, որ հայ հասարակության համար կրթությունը կարևորագույն արժեք է: Այն անհրաժեշտ է պետության ամրապնդման ու զարգացման համար մտավոր ներուժով հարուստ հասարակություն ունենալու, մշակութային արժեքները ու գիտական ձեռքբերումները պահպանելու և սերունդներին փոխանցելու, հայրենիքին նվիրված քաղաքացիներ կրթելու համար: Կրթության միջոցով ձեռք բերված գիտելիքները անձի մոտ ձևավորում են յուրօրինակ աշխարհայացք, համակարգված ու ոչ կարծրացած մտածելակերպ, օգնում են համապատասխանել ժամանակակից աշխատաշուկայի առաջադրած պահանջներին (եթե իհարկե այդ աշխատաշուկայի պահանջը 20 տարեկան ուսանողից 5 տարվա աշխատանքային փորձը չէ…): Այս ամենը իհարկե հիանալի է, սակայն իջնենք երկնքից և ուղիղ նայենք իրականության աչքերին:
Իսկ հենց իրենք ուսանողները գիտակցու՞մ են իրենց «կրթության հանդեպ սիրո» պատճառներից որևէ մեկը: Եթե մի քիչ երկար մտածենք այս հարցի շուրջ, ապա, դժվար չէ գլխի ընկնել, որ դպրոցը ավարտած երեխաները, ներկա և ապագա դիմորդները երազում են ուսանող լինել միայն այդ ստատուսը կրելու, ուսանող ԼԻՆԵԼՈՒ համար: Իհարկե այս կարծիքը միանշանակ չի կարելի տարածել բոլոր դիմորդների և ուսանողների վրա, բայց մեծամասնության մոտ ուսման հանդեպ ծարավը բացատրվում է միայն ու միայն այդ բաղձալի կոչումը ունենալու ձգտումով: Իսկ որտեղի՞ց է սկիզբ առել այս սխալը: Ինչո՞ւ է ուսանող լինելը դարձել «պրեստիժի» հարց: Մեր հասարակությունում շատ հաճախ կարևորվում է միայն կրթություն ստանալու փաստը, որը բուն կրթություն ստանալու հետ որևէ առնչություն չունի:Արական սեռի ներկայացուցիչները հաճախ ձգտում են բարձրագույն կրթություն ստանալ բանակից խուսափելու նպատակով, իսկ հակառակ սեռի ներկայացուցիչները` ամուսնական շուկայում մրցունակ լինելու նպատակով, և վերջիվերջո ԲՈՒՀ են դիմում հարևան-ծանոթներից հետ չմնալու և այլ անձնական նպատակներով: Հարևանի երեխան սովորում է, ինչպե՞ս կարելի է, որ իրենց երեխան էլ չսովորի, ուսանող չլինի, ումի՞ց է ինչո՞վ պակաս…Հայ ծնողների համար իրենց երեխաների կրթություն ստանալը դարձել է կյանքի գերագույն նպատակ: Ամեն ինչ սկսվում է, նրանից, որ ծնողները, անկախ նրանից, թե իրենց երեխան սովորելու ունա՞կ է, կարո՞ղ է տնտեսագետ կամ բժիշկ դառնալ, իրենց վերջին միջոցներով երեխաներին կրկնուսույցների մոտ են ուղարկում, տանջում խեղճ երեխաներին, անընդհատ հոգեբանական ճնշում գործադրում, որ նրանք այսքանից հետո պետք է անպայման ընդունվեն, այն էլ անվճա՜ր…Իսկ մենք ամեն տարի ընդունելության քնությունների ժամանակ ՑԱՎՈՔ ականատեսն ենք դառնում նաև շատ ցավալի դեպքերի, որոնք պայմանավորված են ծնողների «երազանքների» և երեխաների հնարավորությունների անհամապատասխանությամբ…Չէ որ այդ երեխաներից շատերը հնարավոր է ապագայում իրենց տեսնում են ոչ թե արաբագետի, փիլիսոփայի կամ ծրագրավորողի դերում, այլ ինչ-որ արհեստում «գործի վարպետի» դերում….
Սխալի հաջորդ փուլը հենց ուսանողության փուլն է, երբ 17 տարեկան «երիտասարդները» դպրոցական նստարանից անցնում են համալսարանական նստարանի, այդպես էլ չգիտակցելով ՈՒՍԱՆՈՂ կոչման պատասխանատվությունը և´ հասարակության առաջ, և´ իրենց ծնողների առաջ: Ծնողները, բոլորս էլ գիտենք, որ ոչ շատ հեշտ վաստակում են իրենց երեխաների ուսման վարձը, որը Հայաստանյան աշխատավարձերի պայմաններում փոքր թիվ չէ, իսկ նրանց արդեն ուսանող երեխաները սրճարաններում ու ակումբներում են անցկացնում իրենց համալսարանական «գործնական պարապմունքները»: Միշտ զարմացել եմ այն ուսանողների վրա, որոնք վճարելով ուսման դիմաց չեն սովորում, չեն փորձում իրենց վճարի դիմաց համալսարաններից գիտելիք վերցնել: Դասախոսներիցս մեկը մի շատ տպավորիչ օրինակով բացատրում էր մեր ուսանողների «վիճակը»: Նա ասում էր, որ ներկա ուսանողները նման են մարդկանց, ովքեր խանութում որևէ ապրանքի համար վճարում են, հետո այն չվերցնելով «դատարկ ու ուրախ» դուրս գալիս խանութից: Ինչպես նաև չեմ կարողացել հասկանալ այն ուսանողներին, ովքեր անվերջ բողոքում են հանձնարարությունների շատ լինելուց, ժամանակի սղությունից…բայց չէ ՞ որ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ կրթություն ստանալը, այդքան ձգտած ուսանողի կոչումը միայն ծնողների հսկողությունից ազատվելը, սրճարաններում ու ժամանցի վայրերում ժամանակ անցկացնելը չի…
Շարունակելի…