- Երջանկություն:
- Իսկ ինչո՞ւ է այն այդքան փոքր:
- Որովհետև, երբ երջանկությունը մեր ձեռքերում է, այն շատ փոքր է թվում, և միայն կորցնելուց հետո ենք մենք հասկանում նրա իրական արժեքը….
Ի՞նչ է երջանկությունը: Ո՞րն է երջանիկ լինելու գաղտնիքը: Թվում է, թե բոլորս գիտենք այս հարցերի պատասխանները: Միացնում ենք հեռուստացույցը, թերթում ամսագրերը, ամենուր խոսվում է երջանկության բանաձևերի ու երջանկության մեխանիկայի մասին….հոգեբանները, աստղերը պատրաստ են անվերջ խոսել երջանկության շուրջ, կիսվել ուրիշների հետ ԻՐԵՆՑ երջանկության գաղտնիքներով: Բայց, եթե մի պահ լռեցնենք նրանց և տանք ընդամենը մի պարզ հարց` «Իսկ դու ե՞րբ ես երջանիկ», հնարավոր է և չստանանք պատասխան: Այո, մարդիկ չունեն այս հարցի պատասխանը, և երբեք էլ չեն ունեցել, որովհետև նրանք երբեք լիարժեք երջանիկ չեն եղել: Մեծերից մեկը ասել է` երջանկությունը նման է գլորվող գնդակի, ինչքան մոտենում ես նրան, դիպչում, այնքան այն ավելի հեռու է գլորվում…
Եվ երջանկության հենց այս բնորոշումն է շատ ժամանակ արդարացնում մեր` երջանկության վերաբերյալ հարցերի պատասխաններ չունենալը: Լիակատար երջանիկ են միայն փոքր երեխաները: Նրանք երջանիկ են առանց որևէ առիթի, առանց այս կամ այն ունենալու: Նրանց կարող է երջանկացնել մեկ կոնֆետը կամ մեկ նոր խաղալիքը: Այդ ժամանակ նրանց չի հետաքրքրում երջանի՞կ են իրենք թե ոչ: Եվ երևի թե դա է իսկական երջանկությունը, երբ չկա երջանիկ լինելու ձգտում, երբ չկա համեմատություն, չկան հաշվարկներ, նպատակներ և երազանքներ: Մեծանալով մարդիկ սկսում են երջանկության մշտական փնտրտուքները: Մեկը երջանիկ է, որ սիրված է, մյուսը, որ կարողանում է նոր մեքենա գնել….իսկ մեկն էլ, որ կարողանում է օրվա հաց հայթայթել: Ինչպես մեր կյանքում ամեն ինչ, այպես էլ երջանկությունը դարձել է մեծ պայքար, անվերջ մրցավազք: Մարդիկ երջանիկ չեն, բայց ցույց են տալիս թե երջանիկ են, նրանք դժբախտ են, բայց փողոց են դուրս գալիս ծամածռված ու կեղծ, բայց ժամանակակից մարդու դեմքի անբաժան մաս հանդիսացող ժպիտով: Նրանք մոռացել են մի պարզ ճշմարտություն, որ մարդը երջանիկ է այնքան, որքան որոշել է երջանիկ լինել: Նրանք մոռացել են, որ յուրաքանչյուրը ինքն է իր երջանկության դարբինը, և որ շատ հաճախ երջանկության համար ճոխություն և ցուցադրականություն հարկավոր չէ: Երջանկությունը չունի բանաձևեր և գաղտնիքներ: Երջանկությունը չի սիրում համեմատություն: Այն պարզ է: Երջանիկ լինելը շատ ավելի հեշտ է: Երջանկություն է ամեն առավոտ ծագող արևը, երջանկություն են մեր կողքը գտնվող մարդիկ, երջանկություն է պարզպես լիաթոք ծիծաղը, երբեմն նույնիսկ մեկ ջերմ ժպիտը: Երջանկություն է սիրելի աշխատանքը: Երջանկություն է սիրելը և սիրված լինելը…երջանկություն է մարդկանց երջանկացնել կարողանալը…..Եվ միշտ հիշեք, բոլոր երջանիկներն էլ մի փոքր չեն հավատում իրենց երջանկությանը, բայց երջանկությունը դրանից չի նեղանում, երջանկությունը չի սիրում միայն երբ իրեն չեն գնահատում…..