Եվս մի քանի օր և բոլորիս կողմից այդքան սպասված Նոր Տարին…Այդքան սպասված նոր էջը, նոր օրը, մեր կյանքի մեկ այլ նոր փուլը …և պարզապես ՆՈՐ հնարավորությունը ամեն ինչ նորից սկսելու, նորից երազելու և նորից հավատալու, որ անպայման կիրականանա այն ամենը, ինչի մասին ՆՈՐԻՑ սկսեցինք երազել…Նոր տարին իր մեջ շատ հետաքրքիր խորհուրդ է պարունակում, հենց այդ գիշեր ենք մենք վերհիշում մեր ամբողջ անցած տարին, հիշում ստացվածը և չստացվածը, ձեռքբերածն ու կորցրածը, հաջողությունները և անհաջողությունները: Եվ այդ ամենը վերհիշում ենք մի տեսակ բարությամբ, ժպիտով ու մեր սրտում ամենահրաշալի զգացումով`ՀԱՎԱՏՈՎ: Հավատով, որ ամենահրաշալին առջևում է, եկող Նոր տարվա օրերում…
Եվ թող այս օրերին աշխատանքից հոգնած տուն եկող, առօրյա հոգսերի մեջ հեքիաթը կորցրած, տոնական սեղանների ու նվերների հոգսով ապրող մարդիկ, ովքեր մտածում են ի՞նչ դնեն սեղանին, որպեսզի տարբերվեն, ի՞նչ հագնեն, որ եկող տարին հաջող անցնի, որ խանութից հետո, որը վազեն, մի պահ կանգ առնեն և հիշեն, որ այդ ամենը չէ, որ գեղեցկացնում է տոնը, դա չէ, որ իրենց կերջանկացնի….Ուզում եմ շնորհավորել բոլորին գալիք տոների կապակցությամբ և ցանկանալ, որ կյանքում գնահատեն իրական արժեքները: Ուզում եմ, որ Նոր տարին սկսենք և ապրենք այն հավատով, որ մենք ենք մեր կյանքի հրաշագործները: Միշտ հիշեք, որ ձեր կողքին ապրում են մարդիկ, ում համար ամենաթանկ նվերը դուք եք, ովքեր հպարտանում են ձեզանով: Ապրում են մարդիկ, ովքեր կարոտում են ձեզ, ամեն վայրկյան ձեր մասին մտածելով աղոթում են ձեզ համար…մարդիկ, ովքեր սպասում են ձեր ջերմ խոսքերին, ուզում են միշտ ձեր կողքին լինել…մարդիկ, ովքեր անկեղծ ուրախանում են ձեր հաջողություններով և միշտ ձեր կողքին են, սիրում են ձեզ անկախ ամեն ինչից, կան մարդիկ, ովքեր երազում են ձեր ուշադրության մասին և ամեն ինչ կտային, որ կանգ առներ ժամանակը, երբ ձեր կողքին են….Գնահատե՛ք այդ մարդկանց: Բացեք ձեր սրտերը և ուրախ դիմավորեք Նոր տարին: Թողեք անցյալում այն ամենը, ինչը այս տարի խանգարում էր ձեզ երջանիկ և անհոգ ապրել: Նոր տարում բարությամբ պարուրեք ձեզ և ձեր մտերիմներին, իսկ ձեր հոգիները՝ անսահման ջերմությամբ…Այս տարվա վերջին գրառումովս հրաժեշտ եմ տալիս 2011 թվականին և իմ շնորհակալությունը հայտնում նրան: Շնորհակալ եմ նրան իմ այս տարվա բոլոր երջանիկ և տխուր օրերի համար, ձեռքբերումների և հաջողությունների համար: Ես այս տարի հազարավոր անգամներ համոզվեցի, որ այս կյանքում ոչինչ պատահական չի լինում, իսկ մեր կյանքի դարբինը միայն մենք ենք: Շնորհակալ եմ նաև դա հասկանալու համար: Հույսով և հավատով լի սրտերով դիմավորեք 2012 թվականը: Թող այն ձեր նվաճումների նոր սկիզբը լինի : Մինչ նոր հանդիպում արդեն 2012 թվականին….