10.08.2012

Կայքերի մատուցած ինֆորմացիան ընդդեմ ընթերցողների ճաշակի

Վերջերս  բավական հաճախ է արծարծվում կայքերում մատուցվող ինֆորմացիայի և դրան  ընթերցողների բացասական վերաբերմունքի հարցը: Ընթերցողները բողոքում են անորակ ու  ոչինչ չասող հոդվածներից: Բողոքում են գրառումներում էրոտիկայի  չափից դուրս շատ լինելուց: Չեն հավանում վերնագրերը, փնովում են լրագրողներին, խմբագիրներին, կայքերի հեղինակներին ու բոլոր նրանց, ում հնարավոր է: Բայց երբեք այդ ամենի մեջ չեն տեսնում իրենց մեղքի բաժինը, ինչը կարծում եմ ամենակարևորն է: Ստեղծված իրավիճակում ընթերցողների մեղքի չափաբաժինը ամենևին էլ փոքր չէ:  Ինքս ուզում եմ այս թեմային օբյեկտիվ անդրադարձ կատարել` իրավիճակին նայելով և´ որպես ընթերցող, և´ որպես բլոգեր-հեղինակ:
Վերջին տարիներին Հայաստանում խոսքի ազատությունը շատ լուրջ արժեք է դարձել: Մենք կարող ենք հպարտանալ, որ ունենք իրոք ազատ և անկախ մամուլ: Դրա մեջ իհարկե փոքր չէ տեղեկատվական տեխնոլոգիաների առաջընթացի դերը:  Բացվեցին մի շարք էլեկտրոնային լրատվական կայքեր, բլոգներ, ֆորումներ, որոնք կարելի է ասել ինչ-որ չափով դուրս են  վերահսկողությունից, այստեղ լրագրողները ազատ են, ազատ են իրենց մտքերը արտահայտելիս, ազատ են գրառումների թեմաներն ընտրելիս, չկա պարտադրանք, չկա  հսկողություն ու գրաքննություն:

07.07.2012

Սիրենք զմիմեանս ինտերնետում


Ինչպես տեսնում եք կրկին անդրադառնում եմ մեր օրերի ամենացավալի թեմաներից մեկին` ՍԵՐ ինտերնետում կամ ինչպես ընդունված է այն կոչել «վիրտուալ սիրուն: Իհարկե հեծանիվ հայտնագործած չեմ լինի, եթե սկսեմ երկար ու բարակ խոսել, թե ինչ նշանակություն ունի ինտերնետը մեր կյանքում, որ մենք այլևս չենք պատկերացնում մեր կյանքը առանց ինտերնետի: Ինտերնետը արդեն վաղուց գրավել է մեր սիրտը, միտքն ու հոգին, տիրացել է մեր ազատ և ոչ այնքան ազատ ժամանակին: Այն փոխել է մեր մտածելակերպը և աշխարհայացքը, «հարստացրել» մեր բառապաշարը: Հիմա մենք առավոտից երեկո լայքում ու լայքվում ենք, քոմմենթում ու քոմմենթվում: Չենք էլ պատկերացնում, թե ինչպե՞ս էինք գրելու մեր ռեֆերատները, կուրսայիններն ու դիպլոմայինները առանց այդ հրաշք հանրագիտարանի և ուսուցչի….Ի˜նչ երջանիկ ենք մենք մեր ինտերնետի հետ: Իսկ այս ամենից հետո ամենևին էլ զարմանալի չէ, և նույնիսկ օրինաչափ է, որ ինտերնետը ներխուժել է նաև մարդկային հարաբերությունների այնպիսի ոլորտ, ինչպիսին է սերը և համակրանքը: Ինտերնետը մեզ է առաջարկում ծանոթությունների  հազարավոր կայքեր, որտեղ գրանցվելով մենք կգտնենք մեր կյանքի երկրորդ կեսերին, կգտնենք ՍԵՐ:

02.07.2012

«Կարմիր գրիչի» սինդրոմը հայկական ինտեռնետում

Վերջերս հայերի մեջ շատ է շատացել բազմակարծությունը և խորացել է պառակտությունը: Կարծես մարդկանց պարզապես մի թեթև թեմա, մի աննշան կայծ է պետք, որ բաժանվեն բանակների ու իրար քարկոծեն: Ու չգիտես ինչու,  բոլոր վեճերն էլ վերջում բերում հանգեցնում են հայրենասիրությանը և ազգային արժեքներին: Բազմակարծության և պառակտության հետ մեկտեղ  մի տարօրինակ սինդրոմ է նկատվում`քննարկվելիք բուն թեմայից շեղվել և անհասկանալի, շատ դեպքերում էլ նույն փակուղին տանող ուղղությամբ ընթանալ:

26.06.2012

Լուռ մենակություն...

-Տխու՞ր ես:
-Մենակ եմ...
-Արցունքնե՞ր:
-Մենակություն....
-Մենակությու՞ն....
-Մենակություն...Երբ թվում է` մենակ չես, մենակ են մտքերդ...երազանքներդ...Հոգիդ  դատարկ  է, ուրախությունդ ծիծաղելի, տխրությունդ` հարազատ, երազներդ ոչնչի մասին, ճանապարհներդ միակողմանի, կամուրջները վառված...«Ամեն ինչ հասկացողների» կողքին դու էլի մենակ ես, թվում է հասկանում են բոլորին, բայց ոչ քեզ...Դու ինքդ էլ քեզ չես հասկանում:

05.06.2012

Եվ միայն երբ կորցնում ենք...

Ասում են, երբ շատ ես սիրում, դա դադարում են նկատել...
Ասում են, երբ շատ ես ներում, դա էլ չեն գնահատում...
Ասում են միայն կորցնելուց հետո են հասկանում, որ թանկ էիր, կորցնելուց հետո են հասկանում, որ սիրում են ու կորցնելուց հետո են գնահատում...
Բոլորն էլ կյանքում միայն մարդուն կորցնելուց հետո են հասկանում, թե  ինչ թանկ էր/է  նա իրենց համար: Եվ ամենաահավորը, երբ էլ ոչ մի հնարավորություն չկա այդ մարդուն հետ բերել, նորից տեսնել նրան: Դու շրջվում ես, գոռում, բայց նա անցյալում է մնացել, նա չկա քո ներկայում ու քո ձայնը մոլորվում է անցյալը ներկային միացնող ճանապարհների խաչմերուկներում....ու այդպես էլ չի հասնում նրան...

22.05.2012

Բարև...ես եմ...


Բարև…ես  եմ…Ինչքան  երկար  ժամանակ  է  որոշում  եմ  քեզ  նամակ  գրել,  բայց  ամեն  անգամ  մի  բան  ինձ  կանգնեցնում է, երևի  անհամարձակ  եմ: Գուցե  վախենում  եմ, որ  չես  հասկանա  բառերս,  չես  հասկանա  մտքերս, որովհետև  ես  ինքս  էլ  հաճախ  ինձ  չեմ  հասկանում…Ես  չեմ  կարող  քեզ  բացատրել, թե  ինչպես  եմ  ապրում, ուզում  եմ…ուզում  եմ  գտնել  հազարավոր  բառեր, կարևոր  և  ոչ  այնքան, հասկանալի  ու անհասկանալի , բայց  չեմ  գտնում  ոչ  մի  բառ...Չեմ  կարող  բացատրել, թե  ինչո՞ւ  գիշերները  չեմ  կարողանում  քնել, ինչո՞ւ  եմ   նույն  երգը  տաս  անգամից  ավել  լսում` անգիր անելով  ամեն  մի  բառը  ու  հնչյունը…երբեմն  ինչքա՜ն  դժվար  է   ասել  այն,  ինչ  կա  սրտումդ, բառերը  պտտվում  են  գլխումդ,  դրանք  լեզվիդ  ծայրին  են, դասվորում ես  միտքդ, մի  բառը  փոխարինում  մյուսով`սխալ  չհասկացվելու  համար…բայց  էլի  չես  համարձակվում…

17.05.2012

Դերենիկ Դեմիրճյան «Հայը»



Այս շաբաթվա ծոմակախառը, միասեռականների ու «ֆաշիստների», ազգայնականների ու ժամանակակիցների պատերազմական իրադարձությունների հետ կապված հիշեցի Դերենիկ Դեմիրճյանի  «Հայը» ստեղծագործությունը, որը շատ տեղին է հիմա կարդալ....և մի փորձեք ամեն մեկդ ըստ ձեր հասկացածի ու չհասկացածի վերլուծել հային, ՀԱՅԸ  ԵՐԵՎՈՒՅԹ է... տարօրինակ, հանելուկային, և որքա՜ն խաբուսիկ երևույթ......
Ահա աշխատանքը ամբողջությամբ`
Դուք արդյոք ինչ-որ բան հասկանում ե՞ք հայից: Որքա՜ն տարօրինակ, հանելուկային արարած է հայը, և որքա՜ն խաբուսիկ երևույթ: Ի՞նչ է ինքը, իր նկարագիրը. զուր աշխատանք: Փորձում, գտնում ես նրա ինքնությունը, պարզվում է, որ դա էլ երևույթ է: Իր ցեղային պատկերն էլ տարօրինակ է. թվով ամենափոքրը` տառապանքով ամենամեծը, ժամանակով ամենահինը` վիճակով ամենից անփոփոխը, անփոփոխը, անփոփոխը… Ամենից աննպաստը իր երկրի դիրքն էր, ամենից համառ ու ամուր կառչեց իր երկրից:
Featured
Most Popular
Featured

Follow

Videos