
Շատ վաղուց` տարիներ առաջ ես հավատում էի բառերին: Ես հավատում էի, որ երբ ասում են «ես քեզ սիրում եմ», ուրեմն իրոք սիրում են: Հավատում էի, որ երբ ասում են «ես քեզ երբեք չեմ դավաճանի», ուրեմն երբեք չեն դավաճանի…հավատում էի, հավատում և ներում սխալները…Հետո անցավ ժամանակ և ես սովորեցի «թացը չորից տարբերել»: Կարողացա ինձ ստիպել հասկանալ, որ բոլոր ասածները չէ, որ ճիշտ են, կարողացա տարբերել սուտը և ճշմարտությունը, սովորեցի դատել ոչ թե բառերով, այլ արարքներով: Ես սովորեցի ՉՀԱՎԱՏԱԼ բառերին…և դադարեցի ներել: Անցավ էլի որոշ ժամանակ, և ես հասկացա, որ բառերը իրենք իրենցից ոչինչ չեն ներկայացնում: Դրանք չեն լինում սուտ և ճիշտ, բառերը պարզապես հնչյուններ են, որոնք դուրս գալով մարդու բերանից անմիջապես գոլորշիանում են օդում…
Ես սովորեցի լսել ինչ են ինձ ասում, բայց և միաժամանակ նայել, թե ինչ են անում այդ բառերն ասողները: Մարդը կարող է երբեք քո ականջին հաճո բառեր չասել, բայց ձեռք մեկնել, բարձրացնել քեզ ընկած տեղից, օգնել, երբ դու օգնության կարիք ունենաս: Իսկ մյուսը կարող է օրերով շողոքորթել քեզ, հաճոյանալ թե՛ քո սրտին, թե´ ականջին, բայց երբ նրա կարիքը զգաս, կարող է առաջինը անհետանալ քո կյանքից և քեզ մենակ թողնել…
Վաղուց էր, երբ ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում իմ շուրջը, չէի հասկանում, որ կա իմ պատկերացումներից շատ տարբեր այլ աշխարհ, շահի, փողի ու դավաճանության աշխարհ…և այդ ժամանակ ես կարողանում էի սիրել: Բայց երբ ես սովորեցի ՉՆԵՐԵԼ և ՉՀԱՎԱՏԱԼ… դադարեցի նաև սիրել:
Վաղուց, շատ վաղուց ես գիտեի ներել, հավատալ և սիրել և ես ԵՐՋԱՆԻԿ էի….