Ես գիտեմ ինչ է սիրահարվածությունը … դա երազ է առանց քուն, ոչնչով չբացատրվող բարձր տրամադրություն, մոռացված հոգսեր ու աշխատանք…Երբ ուզում ես երջանիկ լինել միայն նրա հետ, պաշտում ես նրան, հիանում ամեն մի խոսքով և գործով: Ամբողջ օրը միայն նրա մասին ես մտածում: Երջանիկ ես անգամ նրան տեսնելու մտքից: Առանց նրա չես պատկերացնում ներկադ ու ապագադ…
Ես գիտեմ ինչ է սերը …Սերը ստիպում է քեզ ապրել, ապրել իրական կյանքում, որը այդ պահին ոչնչով չի տարբերվում հեքիաթից: Երբ ապրում ես միայն նրանով, անվերջ հեռախոսազանգեր ու հաղորդագրություններ: Առանց նրա մեկ րոպեն անգամ ժամ է թվում: Ամբողջ աշխարհը քեզ համար սկսվում և ավարտվում է նրա մեջ: Դա ամբողջ օրը քո դեմքից անպակաս ժպիտն է, որը ցանկացած բառերից լավ է «պատմում» քո երջանկության մասին: Սերը քեզ թևեր տվող և աշխարհը գունավորող միակ զգացմունքն է, որը ապրելով քո սրտում` քեզ երջանիկ է դարձնում…
Ես գիտեմ ինչ է բաժանումը…Երբ հեռանալիս մենք ուզում ենք լսել «խնդրում եմ մի գնա» խոսքերը, որոնք այդպես էլ չեն արտասանվում: Դա անբացատրելի ցավ է, որը քեզ երկնքից ցած է նետում: Ցավ, որից սկսում է մթագնել կյանքիդ իմաստը: Հիասթափություն, արցունքներ, անքուն գիշերներ, կարմրած աչքեր…և այդպես էլ անպատասխան մնացած հարցեր…Ինքնաքննադատություն, փոխադարձ մեղադրանքներ և տանջող հիշողություններ…
Ես գիտեմ ինչ է մենակությունը …Երբ մենք ուզում ենք պարզապես ամուր գրկել մեկին, գլուխներս նրա ուսին դնել և ընդամենը լսել, որ «ամեն ինչ լավ է լինելու», երբ մենք պարզապես մարդկային հասարակ ջերմության կարիք ունենք: Երբ ուզում ենք գոռալ մեր սրտի ողջ կուտակվածը, բայց լռում ենք ամեն ինչի մասին…Երբ պառկում ենք քնելու երեկոյան ժամը 9-ին ու այդպես էլ մինչև լուսաբաց շուռումուռ գալիս անկողնում…դա անդադար աշխատող համակարգիչն ու հեռուստացույցն են…անասելի ցուրտը, որը մեր սրտի ներսում է…
Ես գիտեմ ինչ է ատելությունը … դա զարմանալի աշխատունակությունն է, խելացի գրքեր և մտքեր, վրեժի ցանկություն, ինչ-որ բան ապացուցելու ներքին պահանջ, ցուցադրական երջանկություն, ձևական սառնություն…նոր սանրվածք և կերպար, որը քոնը չի, բայց կարող է «քողարկել» հոգուդ դատարկությունը…
Ես գիտեմ ինչ է անտարբերությունը … Տան մի անկյունում մոռացված լուսանկարներ, հեռախոսից ջնջված հեռախոսահամար և հաղորդագրություններ, հանդիպման ժամանակ ցինիկ ժպիտ և խոսակցություններ «ոչնչի մասին»…
Իսկ ես կնախընտրեի ոչինչ չիմանալ…