15.02.2012

Այսպես ապրում ենք


Ինչպե՞ս  ենք  մենք  կարողանում  ապրել  իրարից  այսքան  տարբեր  մարդկանց  կողքին…համակերպվո՞ւմ  ենք, սովորո՞ւմ: Ասում  են` մարդը  ամեն  ինչի  հետ էլ  համակերպվում  է,  և՛  կյանքի  ռիթմի,  և՛  կյանքի  ամեն  տեսակ  պայմանների,՛  և  ամեն  տեսակ  մարդկանց  հետ: Մենք  հարմարվում  ենք  ամեն  տեսակ   հանգամանքերի  հետ, հանդուրժում  ենք  մարդկանց, ովքեր  մեզ  հաճելի  չեն, հաճախ  ստիպված  ենք  դա  անել,  որովհետև  մարդ  արարածը  իր  ողջ  էությամբ  վախենում  է  մենակությունից, նրան  շփում  է  պետք  կամ  էլ  պարզապես  ինչ-որ  մեկին  «հարկավոր»  լինելու  զգացողություն: Մենակության  վախը  մեզ  մոտ  շփվելու  պահանջ  է  ծնում, այո, ոչ  թե  սիրո  պահանջ, այլ  պարզ  ու  հասարակ  հարաբերությունների  պահանջ: Կարևոր   չէ, թե  ինչպիսին  կլինեն  դրանք, կարևորը, որ  լինեն:
Եվ  երևի  թե  դա  է պատճառը, որ  մենք  անընդհատ  ու  ամեն  մեկի  մեջ  փորձում  ենք  գտնել  մեկին, ով  մեզ  հարազատ  կդառնա, ով  մեզ  կազատի  դատարկության  զգացումից…և  այս   ամենի  միակ  պատճաը  էլի  նույնն է` մեր  վախը  մենակությունից: Մենակությունը  սպանում  է  մեզ, այն  ոչնչացնում  է  մեզ, կրծում  է  մեր  հոգին…Եվ  այստեղ  էլ  սկսվում  է  խաղը,  տիկնիկների  թատրոնը, անսիրտ,  խաղի  համար  ստեղծված  մունետիկների   թատրոնը: Ամեն  օր  մենք  հագնում  ենք  մեր  «նոր  դիմակը»  և  ընդառաջ  գնում  մարդկանց` իրենց  իսկ  նախընտրած  դիմակով…ոչ  ոք   չի  ճանաչում  մեր  իսկական  դեմքը, շատ  հաճախ  մենք  ինքներս  էլ  խաղով  տարվելով, կորցնում  ենք  խաղի  ու  իրականության  սահմանը, դիմակների  աշխարհում  կորցնում  ենք  մեր  իրական  դեմքը, դադարում  ենք  գնահատել  իրականը, անկեղծը: Մենք  ձևացնում  ենք, որ դուր  գանք  ինչ-որ  մարդկանց, քայլում  ենք  մարդկանց  վրայով, որ  ավելի  արագ  հասնենք  մեր  նպատակին…և  այս  ամենը  բնակա՞ն  է, և  սա՞  ենք  մենք  ԿՅԱՆՔ  կոչում: Կյանք, որը  օրեցօր  սկսում ենք  ավելի  ու  ավելի  քիչ  գնահատել: Անընդհատ  վազում ենք, վազում  առաջընթացի  հետևից, մարդկանց  հետևից, ովքեր  ինչ-որ  բանով  մեզանից  առաջ  են անցել, փախչում  ենք  մենակությունից…իսկ  իրականում  մենք  փախչում  ենք  կյանքից, փորձում  էլ  ավելի  արագացնել  առանց  այդ  էլ  անխնա  ժամանակի  ընթացքը, ու  մեզանից  և  ոչ-ոք  չի  մտածում, որ առջևում  կարող  է  ոչինչ  էլ  չլինել, կարող  են  մեզ  հետ  չլինել  մեր  կյանքը  մեզ  հետ  կիսող  մարդիկ…Ժամանակակից  մարդը  վազքի  բոլոր  տեսակներում  հաղթող  կճանաչվի,  չեմպիոնի  կոչում  կստանա, միայն  նա է  կարողանում  վազել  առանց  ետ  նայելու,  առանց  ոտքերի  տակ  նայելու` ընկնելու  ու  չհասցնելու  անընդհատ  վախը  սրտում…

Տուն, ընտանիք,  ընկերներ, ՍԵՐ…վազքի  այս  ռիթմով  տարվելով  մենք  շատ  հաճախ  մեր  կյանքից  ջնջում  ենք  այս  հասկացությունները` մտածելով, որ  դրանք  միշտ  էլ  կլինեն, հեշտ  ձեռք  կբերվեն  երբ  ցանկանանք…Մենք  ուզում  ենք  որքան  հնարավոր  է  արագ  ու  հեռու  փախչել  մենակությունից,  բայց  դրանով  իսկ  ավելի  ենք  մոտենում  նրան: Մենակությունից  փախչելով  հենց  մենակությանն ենք  բախվում, իսկ  մենակության  դեմ  անզոր  են  և՛ մեր  դիմակները, և՛  մեր  խաղի  վարպետությունը… Ինչքան  էլ  վախենանք  մենակությունից, միևնույն  է,  ինչպես  ամեն  ինչի, այնպես  էլ  դրա  հետ  ենք  ՀԱՄԱԿԵՐՊՎՈՒՄ…
Սա՞  է մեր  ընտրությունը: Սա՞  ենք  մենք  ԿՅԱՆՔ  կոչում:
Թույլ  տվե՛ք  ձեզ  հավատալ  մարդկանց, հավատալ, որ յուրաքանչյուրս  այս  կյանքում  ունի  ՄԵԿԸ, ով  մեր  ամեն  ինչն  է,  ով  կազատի  մեզ  մենակության  ճիրաններից, ով  կլինի  մեր  օդը, կյանքը, ամբողջ  աշխարհը: Թույլ  տվե՛ք  ձեզ  հավատալ, որ կա  մարդ, ում  առաջ  դուք  կկանգնեք  առանց  դիմակի, կշնչեք  լիաթոք  ու  ամբողջ  հոգով: Եվ այդ  ժամանակ  դուք  աշխարհին  այլ  աչքերով   կնայեք, կտեսնեք  իսկական  կյանքը, կյանքի  գույները…այդ  ժամանակ  ինքներդ  կդադարեք  վազել  և   կերազեք  կյանքի  րոպեների  կանգ   առնելու  մասին….




0 коммент.:

Отправить комментарий

Featured
Most Popular
Featured

Follow

Videos