10.11.2011

Իսկ ՎԱՂԸ մենք կսովորե՞նք գնահատել այսօրը…



Մենք  ուզում  ենք  հասնել  այն  ամենին,  ինչը  անհասանելի  է  թվում,  ուզում  ենք ինքնուրույն  որոշումներ  կայացնել,  ուզում  ենք  ցույց  տալ  բոլորին,  որ  կարող  ենք,  որ  ուժեղ  ենք,  որ  անում  ու  ասում  ենք  այն,  ինչը  ինքներս  ենք ցանկանում…Ինքներս  էլ  չգիտակցելով  ապրում  ենք  «վաղվա  հետևից  վազք» կոչվող  իրականությունում: Ինչի՞  է  նման  մեր  այս  անվերջանալի  վազքով  լի կյանքը: Մենք  երազում  ենք  ընդունվել  համալսարան… ընդունվում  ենք,  սովորում, ավարտում…ու  այդպես  էլ  չհասկանալով,  թե  ե՞րբ  հասցրեց  վերջանալ  մեր կյանքի  այդ  փուլը  ևս:
Մենք  աշխատում  ենք,  վազվզում  առավոտից  երեկո,մեր միակ  նպատակն  է  որքան  հնարավոր  է  վերև  բարձրանալ  կարիերայի աստիճանով: Մենք զբաղված  ենք,  ժամանակ  չունենք: Բայց  վստահ  ենք,  որ  դեռ կհասցնենք,  դեռ  կհասցնենք  ապրել  մեր  կյանքի  ամեն  մի  վայրկյանը,  կհասցնենք սիրել  ու  սիրվել, կհասցնենք  երջանիկ  լինել: Եվ  այս  հասցնելու  ու  չհասցնելու քաոսում  մենք  կորցնում  ենք  այսօր  մեր  ունեցածը  գնահատելու  ունակությունը:
Ի՞նչն  ենք  մենք  այսօր  գնահատում: Համակարգիչները,  հեռախոսները, մեքենաները,  զարդերը,  փողը,  փողը  ու  էլի  փողը…իսկ  վաղը  մենք  խոստանում ենք  գնահատել  հոգևորը,  գնահատել  մարդկանց  ու  մարդկայինը,  գնահատել ժամանակը,  որովհետև  դեռ  այսօր  հասկանում  ենք,  որ  միայն  դա  կորցնելու դեպքում  այլևս  չենք  վերականգնի,  հետ  չենք  բերի: Մենք  խաբում  ենք  մեզ  ամեն վայրկյան  այն  կեղծ  վստահությամբ,  որ  մեր  կողքը  գտնվող  մարդիկ  միշտ  մեզ հետ  կլինեն,  միշտ  կհասկանան  մեզ, կսպասեն  և  միշտ  կներեն: Մենք  վստահ  ենք, որ  նրանց  ու  մեր  միջև  երբեք  ոչինչ  չի  փոխվի, երբեք  ոչ  մի  զգացմունք  չի ավարտվի: Ամեն  անգամ  հրաժեշտ  տալուց  մենք  վստահ  ենք, որ  էլի  կհանդիպենք: Մեկին  վիրավորելիս,  նեղացնելիս  ու  ցավ  պատճառելիս  մենք վստահ  ենք,  որ  նա  կների  ու  վաղը  էլի  մեզ  կժպտա  առաջվա  ժպիտով: Մենք  հավատում  ենք, որ  մեր  կյանքում  դեռ  այնքան  «սիրում  եմ»-ների  ու  «կներես»-ների  տեղ  կա:  Ու  ինչքա՜ն  երջանիկ  ենք  մենք  պատրաստվում  վաղը  լինել: Վաղը,  ամենալավ  ու  հրաշալի  օրը  մեր  կյանքում: Վաղը  մենք  բոլորս  խոստանում  ենք  լինել  ավելի  բարի  ու  ներողամիտ: Վաղը  մենք  կզանգենք  մեր սիրելիին  ու  ներողություն  կխնդրենք: Վաղը  մենք  ուշադիր  և  հոգատար  կլինենք մեր  հարազատների  հանդեպ: Վաղը  մենք  կթողնենք  ծխելը  և  առողջ  ապրելակերպ  կսկսենք  վարել: Վաղը  մենք  կհրաժարվենք  բոլոր  վատ սովորություններից: Վաղը  մենք  խոստանում  ենք  ավելի  քիչ  ժամանակ  անցկացնել  համակարգչի  առջև  ու  ավելի  շատ  ժամանակ  տրամադրել  մեր ընտանիքին  ու  մեր  ընկերներին: Վաղը  մենք  կդառնանք  ավելի  լավը  և  կսիրենք մեր  կյանքը,  վաղը  մենք  խոստանում  ենք  գնահատել  մեր  օրվա  ամեն  մի  ժամը: Վաղը  մենք  խոստանում  ենք  ԳՆԱՀԱՏԵԼ  մեր  ունեցածը…և  ինչքա՜ն  երջանիկ  ենք  մենք  պատրաստվում  լինել  վաղը:  Իսկ  հիմա  ի՞նչ,  սպասենք  երբ  է  գալու վաղը,  որ  հասցնենք  այդ  ամենը: Բայց  չէ  որ  ամեն  ԱՅՍՕՐԸ  երեկվա  ՎԱՂՆ  է, երբ  մենք  էլի  որոշում  էինք,  թե  ինչ  ենք  անելու  ՎԱՂԸ……

0 коммент.:

Отправить комментарий

Featured
Most Popular
Featured

Follow

Videos