13.09.2012

Կգա մի օր, երբ...

Կգա մի օր, երբ մեր քաղաքներն այնքան լուսավորված կլինեն, որ մենք չենք կարողանա երկնքում աստղեր նկատել...կնայենք վերև, երկար կնայենք, բայց անգամ ամենամեծ աստղերը չենք տեսնի, արհեստական լույսերից ու համակարգչի էկրանից կուրացած մեր աչքերը այլևս աստղեր չեն տեսնում, չեն տեսնում կյանքի իսկական գեղեցկությունը...

Կգա մի օր, երբ մենք էլ գրքեր չենք կարդա, որովհետև մենք նախընտրում ենք Ֆեյսբուքում ստատուս գրել ու քոմենթ կարդալ...այդ ժամանակ երևի կփակվեն բոլոր տպագրատները...բայց իհարկե չեն դադարի ծառահատումները, որովհետև մենք վայրենացել ենք ու չենք կարող առանց ավերելու, առանց վերացնելու, առանց վնաս տալու...Իհարկե կմնան մարդիկ, ովքեր դեռ կշարունակեն կարդալ, բայց նրանց էլ կծաղրեն, մատնացույց կանեն, այս ո՞ր դարն է, գիրք կարդալ, հա-հա-հա, հետամնացներ... 
Կգա մի օր, երբ մարդիկ կմոռանան` ինչ է նշանակում ասած խոսքերի ու բառերի համար պատասախանատու լինել, նրանք չեն հիշի  ինչպիսին են իսկական ու անկեղծ զգացմունքները, չի լինի  հավատ, հավատարմություն, նվիրվածություն, սեր...Մարդիկ կդադարեն  հասկանալ  բառերի իմաստը: Իսկ բառե՞րը...Բառերն էլ կդառնան դատարկ հնչյուններ, տառերի կույտ...
Կգա մի օր, երբ մենք էլ չենք հիշի ո՞վ ենք, որտեղի՞ց ենք եկել և ու՞ր ենք գնում, որովհետև մեր մասին կպատմի միայն սոցիալական որևէ ցանցում երկար ու անիմաստ գրառումներով լի «պատը», իսկ պատի վրա ով ասես, մարդիկ ում չենք էլ ճանաչում, չգիտենք, դիմակներ, սերեր, բաժանումներ, ուրախություն ու տխրություն...ու կյանքի իլյուզիա...Իսկ արդյունքում մեր մասին պատմում են ոչ մեր գործերը, ոչ ձեռքբերումները, այլ «պատը»...Կգա մի օր, երբ մենք էլ օնլայն չենք լինի, որովհետև հասկացած կլինենք, որ ԴԵՌ հնարավորություն ունենք փրկելու մեր  «օֆֆլայն» կյանքը»...
Կգա մի օր, երբ Պատմության դասագրքերում գրված կլինի ընդամենը «21-րդ դար` բարձր տեխնոլոգիաների և ... հիմարացման դար»: Եվ պետք չէ մեղավորներ փնտրել, կոնկրետ մարդկանց մատնացույց անել, մեղավոր ենք մենք բոլորս: Աստվածաշունչը սովորեցնում է մեզ հնազանդ լինել, իսկ մենք հնազանդ քայլում ենք դեպի ռոբոտացումը, հիմարացումը...
Կգա մի օր, երբ մեր երեխաները չեն կարողանա լիարժեք կրթություն ստանալ, որովհետև միշտ էլ ղեկավարներին պետք են աննպատակ, անկիրթ ու հեշտ կառավարվող մարդիկ: Իսկ ու՞մ են պետք իրենց սեփական կարծիքը ունեցող, ուժեղ ու նպատակասլաց մարդիկ: Հազարավոր ուսանողներ կավարտեն համալսարանները առանց գիտելիքի, կարևորը նրանք ունեն վերջին մոդելի հեռախոս, համակարգիչ...
Կգա մի օր, երբ մենք կզղջանք ամեն մի կորցրած րոպեի, ամեն մի չասած բառի, ամեն բաց թողած համբույրի ու գրկախառնության համար, բայց...էլ մեր կողքին չեն լինի մարդիկ, ում հանդեպ մենք այդքան մեղավոր կլինենք...
Իսկ այդ օրը հեռու չէ, այդ օրը կգա ու չի ուշանա, որովհետև մենք լուռ, բայց հաստատուն քայլերով ընդառաջ ենք գնում այդ օրվան...




0 коммент.:

Отправить комментарий

Featured
Most Popular
Featured

Follow

Videos